Մատչելի հղումներ

Պուտինն ասում է ‘’Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել’’. Ռուսներից շատերն ասում են ‘’իբր ի՞նչ’’


Ukraine war

Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերով, ինքն ակնկալում է, որ Ուկրաինայում պատերազմը երկար կշարունակվի: Չորեքշաբթի օրը ելույթ ունենալով, նա ասել է նաեւ, թե դրա համար իր բանակը նոր համալրման կարիք չունի: ‘’Ռուսաստանը կշարունակի պաշտպանվել մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով’’, ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանում որոշ շրջանակներում զայրույթ առաջ բերելու նպատակով էլ ասաց, թե Արեւմուտքում Ռուսաստանին համարում են «գոյություն ունենալու իրավունքից զրկված երկրորդ կարգի երկիր»:

Հիշեցնենք, որ վերջին զորահավաքի ժամանակ առնվազն 300,000 պահեստազորայինների զորակոչից հետո, հազարավոր տղամարդիկ, խուսափելու համար առաջին գիծ ուղարկվելուց, փախան Ռուսաստանից:

Ըստ Պուտինի, այդ զորահավաքի ժամանակ զորակոչվածներից 150,000-ն այժմ տեղակայված է Ուկրաինայում, որոնցից 77,000-ը` մարտական ստորաբաժանումներում: Մնացյալ 150,000-ը դեռ գտնվում են ուսումնական կենտրոններում: Նոր զորահավաք չանցկացնելու խոսքերից հետո, Պուտինը հայտարարում է, թե մեծանում է միջուկային պատերազմի վտանգը: ‘’Մենք գիտենք, թե ինչ է միջուկային զենքը, եւ միջուկային մյուս տերությունների համամատ ունենք ավելի զարգացած միջոցներ: Բայց չենք վազելու աշխարհով մեկ` այդ զենքերը ցույց տալու համար’’, ասել է նա:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, չցանկանալով պատասխանել Պուտինի խոսքերին, պարզապես հիշեցնում է, որ միջուկային տերությունները, որոնց թվում է եղել նաեւ հենց Ռուսաստանը, Սառը պատերազմից ի վեր միասնաբար ընդունել են, որ միջուկային պատերազմ երբեք տեղի չպիտի ունենա, քանի որ նման պատերազմներում որեւէ մեկը հաղթող չի կարող դառնալ:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հինգշաբթի օրը հրապարակված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի վրա միջազգային ճնշումը դարձավ պատճառ, որ ուկրաինական հակամարտության ընթացքում նվազեցվեր միջուկային զենքի կիրառման վտանգը:

Այս շաբաթ Ռուսաստանը կրեց զգալի կորուստներ, երբ անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացվեցին գրոհներ ընդդեմ Ռուսաստանի խորքում գտնվող ռուսական ավիաբազաների: Կիևի կառավարությունը չի հաստատել հարձակումներն իր կողմից իրականացված լինելու մասին լուրերը, սակայն ծաղրել է Մոսկվային իր հակաօդային պաշտպանության խոցելիության համար:

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին նշել է, որ ԱՄՆ-ը չի խրախուսել ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից այդ հեռավորության վրա որեւէ հարձակում, սակայն ավելացրել է. ‘’Երբ մենք նրանց տալիս ենք սպառազինության համակարգ, այն պատկանում է նրանց: Որտեղ են նրանք օգտագործում, ինչպես են օգտագործում, որքան զինամթերք են կիրառում այդ համակարգը օգտագործելու համար, դրանք ուկրաինական կողմի որոշումներ են: Եվ մենք հարգում ենք նրանց որոշումները’’, ասել է Քըրբին:

Ինչպես ԱՄՆ-ի սենատորներից Ջին Շահինն է ասել ‘’Ամերիկայի Ձայն’’-ին, ‘’Արեւմուտքը լավ է հասկանում, որ Ուկրաինան պայքարում է հանուն հայրենիքի, հանուն ժողովրդավարության` ամբողջ աշխարհում’’:

Նա պատմում է ուկրաինացի զինվորական կանանց հետ իր հանդիպման մասին: ‘’Նրանք ինձ ասում էին, խնդրում ենք, մեզ զենք տվեք`ռուսների դեմ կռվելու համար, որպեսզի դուք ստիպված չլինեք դա անել: Իսկ սա դաս է, որը մենք պետք է քաղած լինեինք Երկրորդ աշխարհամարտից հետո այն մասին, որ Պուտինին պետք է կանգնեցնել հիմա, առանց նրան տալու պատերազմը շարունակելու հնարավորություն’’, ասում է ամերիկացի սենատորը:

Պուտինն այս ամենը հասկանալ չի փորձում: Բայց փորձում է ցույց տալ ինչ որ հաջողություն իր կողմից այս պատերազմում` հայտարարելով, թե

Ռուսաստանն աշխարհագրորեն ավելի է ընդարձակվել՝ իրեն միացնելով տարածքներ Ուկրաինայից:

Իսկ հենց Ռուսաստանում այսօր մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր նման խոսքերից հետո ասում են. ‘’Իբր ի՞նչ’’:

Սույն հոդվածում տեղ են գտել ‘’Reuters’’ և ‘’Agence France-Presse’’ գործակալություններից ստացված տեղեկություններ:

XS
SM
MD
LG