Մատչելի հղումներ

«Բռնապետական խալիֆայություն». Իրանի գերագույն առաջնորդի քույրը բաց նամակով  քննադատել է եղբորը 


«Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայությունը զրուցել է Իրանի գերագույն (բարձրագույն քաղաքական և կրոնական) առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի  քրոջ որդու՝ Մահմուդ Մորադխանիի հետ:

Հարցազրույցում Մորադխանին մեկնաբանել է իր մոր գրած բաց նամակը, որով վերջինս քննադատում է եղբորը և երկիրը որակում «բռնապետական խալիֆայություն»: Մորադխանին հույս է հայտնել, որ «մորս մեկնաբանությունները կխախտեն ընդդիմադիր հոգևորականների լռությունը»:

Պատասխանելով հարցերին՝ Մորադխանին ասել է.

«Մորս մեկնաբանություններն արվել են՝ ի պաշտպանություն վերջին բողոքի ցույցերի, ինչը ուրախացնում է, քանզի ցույց է տալիս, որ մարդիկ տեղյակ են կատարվածից և ավելի գիտակից են դառնում։ Անցած տասնամյակների ընթացքում մարդկանց իրազեկելու գործունեությունն արդյունավետ էր, ամենակարևորը՝ մարդիկ կորցրել են վախն այս ռեժիմից, իշխանությունների բռնաճնշումները այլևս չեն ազդում շարժման վրա և չեն թուլացնում բողոքի ակցիաները: Սա շատ կարևոր զարգացում է, ուստի մայրս ուզում էր ցույց տալ, որ նա, ինչպես հայրս, ի սկզբանե դեմ են եղել այս ռեժիմին: Մենք դեմ ենք եղել ողջ ռեժիմին: Հայրս 1979 թվականի հեղափոխությունից հետո առաջին իսկ ամիսներից ասել է, որ Ախունդը (մոլլա/հոգևորականները) չպետք է կառավարեն, և որ մենք դեմ ենք կրոնական կառավարությանը: Մորս դիրքորոշումն էլ նույնն է եղել հենց սկզբից: Ես հիշում եմ նրա խոսակցությունները իր եղբոր հետ Իսլամական Հանրապետության հենց սկզբում, երբ մենք կոչ էինք անում փրկել մահապատժի դատապարտված մարդկանց: Ցավոք սրտի, Ալի Խամենեին մնացածի նամն մինչ օրս հրաժարվում է լսել քննադատությունը: Նրա միակ նպատակը եղել է իշխանության գլխին հասնելն ու այնտեղ մնալը»:

Մորադխանի. «Հուսով եմ, որ մորս մեկնաբանությունները դրական ազդեցություն կունենան: Հուսով եմ՝ ռեժիմի ղեկավարներն ավելի ու ավելի են զգում վտանգը: Նրանք, ովքեր լռում են իրենց խնդիրների պատճառով, թող խոսեն: Հոգևորականներից շատերը լիովին համաձայն չեն «Վելայաթ-է Ֆաքիհ» համակարգի սկզբունքների հետ: Այս մարդիկ] պետք է բարձրաձայնեն իրենց կարծիքը և չվախենան ապագայից: Դա կոգեշնչի փողոցում պայքարող մարդկանց, ովքեր իրենց կյանքը վտանգում են՝ ձեռքը հանուն ազատության և ժողովրդավարության, Իսլամական Հանրապետության չարիքի բռնապետությունից ազատվելու համար: Հուսով եմ, որ մորս նամակը կդիտվի որպես աջակցություն: Նա ծեր է, չի կարողանում դուրս գալ փողոց և մասնակցել հանրահավաքներին: Այդ նամակը նվազագույնն է, որ նա կարող է անել»։

Մորադխանի. «Առաջին անգամն է, որ մայրս պաշտոնապես նման նամակ հրապարակեց: Ահմադինեժադի ընտրությունից հետո ժողովրդի 2009-ի ապստամբության ժամանակ Ալի Խամենեին հրամայել էր գնդակահարել մարդկանց փողոցներում, ինչից հետո մորս հարաբերությունները նրա հետ ամբողջությամբ և անդառնալիորեն խզվեցին։ Թեև հայրս բանտում էր, և մեր վիճակը վատ էր, մայրս երբեմն մասնակցում էր ընտանեկան միջոցառումներին, երբ հրավիրվում էր, և, բնականաբար, նա ասում էր իր կարծիքը, բայց 2009 թվականից հետո նա իր եղբոր հետ հարաբերություններ չուներ: Իսկ ես դրանից հետո որևէ շփում չեմ ունեցել Ալի Խամենեիի կամ ընտանիքի մյուս անդամների հետ, հատկապես նրանց, ովքեր կառավարությունում են»:

Մորադխանի. «Քրոջս՝ Ֆարիդե Մուրադխանիի գործը մի փոքր փոխվեց, քանի որ սկզբում նրան 15 տարվա ազատազրկման էին դատապարտել, հետո չգիտեմ՝ ինչ եղավ, 15 տարվա ազատազրկումը կրճատվել էր մինչև հինգ տարի: հիմա եթե այս ռեժիմը տապալվի, նա ավելի շուտ ազատ կարձակվի, բայց եթե ռեժիմը մնա, նա, ցավոք, պետք է այնտեղ մնա առաջիկա երեք տարիներին: Բայց ես կարծում եմ և հուսով եմ, որ մինչ այդ այս ռեժիմը կկործանվի, և հազարավոր բանտարկված իրանցիներ ազատ կարձակվեն»։

XS
SM
MD
LG