Մատչելի հղումներ

Պուտինը փորձում է հեռու մնալ վատ լուրերից.  ՌԴ նախագահը դեռ հրապարակավ չի մեկնաբանել իր զորքերի կողմից Խերսոնը լքելու փաստը


Երբ Ռուսաստանի բարձրագույն ռազմական ղեկավարությունը հեռուստատեսությամբ հայտարարեց Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոնից զորքերը դուրս բերելու մասին, սենյակում բացակայում էր նախագահ Վլադիմիր Պուտինը:

Իսկ երբ նոյեմբերի 9-ին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար գեներալ Սերգեյ Սուրովիկինը տեսախցիկների առաջ ներկայացրեցին նահանջի պատճառները, Պուտինն այցելել էր Մոսկվայի նյարդաբանական կենտրոն՝ հետևելով, թե ինչպես է բժիշկը կատարում ուղեղի վիրահատությունը:

Նույն օրը ավելի ուշ Պուտինը ելույթ ունեցավ մեկ այլ միջոցառման ժամանակ, սակայն չհիշատակեց Խերսոնում տեղի ունեցածը, ինչը համարվում է ռուսական ամենանվաստացուցիչ նահանջը Ուկրաինայում:

Հետագա օրերին նա ընդհանրապես հրապարակային մեկնաբանություն չի արել այս թեմայի վերաբերյալ։

Պուտինը լռել է, քանի որ Ռուսաստանը բախվում է աճող անհաջողությունների գրեթե ինը ամսվա մարտերի ընթացքում: Ըստ երևույթին, ինչպես գրում է «Associated Press» գործակալությունը, Ռուսաստանի ղեկավարը վատ լուր հայտնելու գործը փոխանցել է ուրիշներին:

Լուրեր են պտտվում, որ Պուտինն անձամբ վերահսկում էր Ուկրաինայում ռազմական գործողությունները և մարտական հրամաններ տալիս գեներալներին, բայց այժմ, կարծես, նա կենտրոնացած է ամեն ինչի վրա, բացի պատերազմից:

Նա պետական պաշտոնյաների հետ քննարկել է սնանկացման ընթացակարգերը և ավտոարդյունաբերության խնդիրները, խոսել Սիբիրի նահանգապետի հետ իր տարածաշրջանում ներդրումների ավելացման մասին, հեռախոսազանգեր կատարել համաշխարհային առաջնորդների հետ և հանդիպել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նոր նախագահի հետ:

Այդ ընթացքում նա նաև տեսահոլովակով հանդիպում է անցկացրել՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրներին։ Դա տեղի է ունեցել այն օրը, երբ նա պետք է ելույթ ունենար Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովում: Սակայն նա ոչ միայն որոշել է չգնալ, այլ անգամ տեսահղումով հրաժարվել է մասնակցել ու չի ուղարկել ձայնագրված կոչ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրների վերաբերյալ հանդիպումը վերջին օրերին միակ իրադարձությունն էր, որում հիշատակվում էին ուկրաինական քաղաքներ, բայց ոչ Խերսոնը ...

Հանդիպումից հետո Պուտինը հրամանագրեր է ստորագրել օկուպացված Մելիտոպոլ և Մարիուպոլ քաղաքներին «Ռազմական փառքի քաղաք» կոչում շնորհելու մասին, իսկ Լուգանսկին՝ «Աշխատանքի քաջության քաղաք» կոչում։

Անկախ քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը Պուտինի լռությունը բացատրում է նրանով, որ նա կառուցել է ԽՍՀՄ-ում եղածի նման մի քաղաքական համակարգ, որում «առաջնորդը», որպես կանոն, չի սխալվում։

«Պուտինն ու պուտինյան համակարգը կառուցված են այնպես, որ բոլոր պարտությունների մեղքը գցվի ուրիշի վրա՝ թշնամիների, դավաճանների, թիկունքից հարվածողների, գլոբալ ռուսաֆոբիայի վրա, ինչ էլ լինի»,- ասել է Օրեշկինը՝ ընդգծելով. «Այսպիսով, եթե նա ինչ-որ տեղ պարտվում է, ապա առաջին հերթին դա կամ ճիշտ չէ, և երկրորդ, եթե ճիշտ է, ապա դա նա չէ»:

Կրեմլին հարող քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկովը Facebook-ում գրել է, որ Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ղեկավարների հետ Խերսոնից դուրս գալու հենքի վրա «ավելի սարսափելի են, քան բուն Խերսոնի ողբերգությունը»։

ՌԴ նախագահը դեռ հրապարակավ չի մեկնաբանել իր զորքերի կողմից Խերսոնը լքելու փաստը
please wait

No media source currently available

0:00 0:02:39 0:00

XS
SM
MD
LG