Մատչելի հղումներ

Էնթոնի Ֆաուչին իր վերջին ուղերձն է հղել Սպիտակ տնից


Ավելի քան հիսուն տարի կառավարությունում աշխատելուց հետո, դոկտոր Էնթոնի Ֆաուչին՝ Ամերիկայի վարակիչ հիվանդությունների գլխավոր փորձագետը Սպիտակ տնից լրագրողներին փոխանցել իր «վերջին ուղերձը»՝ կոչ անելով ամերիկացիներին ընդունել COVID-19-ի խթանիչները:

«Մենք գիտենք, որ դա անվտանգ է. Մենք գիտենք, որ դա արդյունավետ է։ Այսպիսով, իմ ուղերձը, որը կարող է լինել վերջինը այս ամբիոնից, այն է, որ խնդրում եմ, ձեր իսկ անվտանգության համար, ձեր ընտանիքի համար ստացեք COVID-19-ի դեմ խթանիչները»,-ասել է նա:

Ֆաուչին այս տարվա սկզբին հայտարարեց, որ դեկտեմբերին կթողնի դաշնային կառավարությունը: Նա Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի երկարամյա տնօրենն է և նախագահ Ջո Բայդենի գլխավոր բժշկական խորհրդականը:

Նա նաև անդրադարձավ համաճարակի ժամանակ տարածված ապատեղեկատվություններին՝ շեշտելով, որ դրանց հակազդելու ձևը ճիշտ տեղեկատվություն տրամադրելն է. «Մարդիկ, ովքեր ունեն ճիշտ տեղեկատվություն, ովքեր լուրջ են վերաբերվում գիտությանը, ովքեր դեպքերի մասին չունեն տարօրինակ տեսություններ, ովքեր իրենց ասածները հիմնում են ապացույցների և տվյալների վրա, պետք է ավելի շատ խոսեն, քանի որ մյուս կողմը, պարզապես շարունակում է ապատեղեկատվություն տարածել»:

Հարցին, թե ինչպես կուզենար, որ ամերիկացիները հիշեին իր ծառայությունը կառավարությունում, Ֆաուչին ասաց, որ թող ուրիշները «գնահատեն» իր ձեռքբերումները՝ հույս հայտնելով, որ մարդիկ կհիշեն այն ամենը, ինչ ինքն արել է:

XS
SM
MD
LG