Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատում` փոքրամասնություն, Սենատում` մեծամասնություն


435 տեղանոց Ներկայացուցիչների պալատում 218 մանդատների մեծամասնության համար պայքարում հանրապետականներն արդեն ստացել են 212 մանդատ, դեմոկրատները՝ ընդամենը 204։ Վերլուծաբաններն էլ կարծում են, որ մնացյալ 19 շրջաններում հավասարակշռությունը, ամենայն հավանականությամբ, կթեքվի դեպի հանրապետականները, ինչը, ի վերջո, թույլ կտա նրանց պալատի վերահսկողությունը ‘’խլել’’ դեմոկրատներից:

Սա ընդունում է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը, ինչի մասին ասել է Ինդոնեզիայում կայացած մամուլի ասուլիսում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոստով ուղարկվող քվեաթերթիկների հաշվարկը տեւում է մի քանի օր, կարելի է ենթադրել, որ հանրապետականների մեծամասնության մասին պաշտոնական հայտարարությունը կրհրապարակվի մի քանի օրից:

Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կտա Բայդենի հակառակորդներին հետաքննել կառավարման առաջին երկու տարիներին վարչակազմի կողմից թույլ տրված սխալները: Առաջին հերթին խոսքը կարող է վերաբերել Աֆղանստանից անցյալ տարի զորքերի անկանոն դուրսբերմանը և Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ հազարավոր մարդկանց ներհոսքին:

Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը, թեև շատ ավելի համեստ, քան կանխատեսում էին քվեարկությունից առաջ, նաև թույլ կտա հանրապետականներին բանակցություններ վարել Սենատի և Սպիտակ տան դեմոկրատների հետ կառավարության ծախսերի, կլիմայի օրակարգի և Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային հատկացվող աջակցության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Սենատին, ապա դեմոկրատները 100 տեղանոց վերին պալատում ստացան 50 տեղ՝ այդպիսով պահպանելով այս պալատում վերահսկողությունը, քանի որ որեւէ քվեարկության դեպքում, երբ հավաքվում են միմյանց դեմ հավասար ձայներ, որոշիչ ձայնով հանդես է գալիս երկրի փոխնախագահը, տվյալ դեպքում` դեմոկրատ Քամալա Հարիսը:

Հանրապետականները հաջորդ Սենատում ստացել են 49 տեղ։Վերջին՝ 100-րդ տեղի ճակատագիրը կորոշվի դեկտեմբերի 6-ին, երբ Ջորջիա նահանգում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը: Այստեղ դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը կպայքարաի ընդդեմ պրոֆեսիոնալ նախկին ֆուտբոլիստ, հանրապետական Հերշել Ուոքերի դեմ:

Ամերիկացի քաղաքագետների մեծամասնությունը կանխատեսում է, որ ձայների վերջնական հաշվարկի արդյունքում հանրապետականները կունենան միայն չնչին առավելություն՝ 219-ից մինչև 222 մանդատ, դեմոկրատները՝ 213-ից 216, չնայած այն հանգամանքին, որ մինչ ընտրությունները հանրապետական առաջնորդները կանխատեսում էին հսկա առավելություն` մինչև 30 աթոռ:

‘’Մենք հասել ենք չսպասված հաջողության’’, ասել է Ջո Բայդենը լրագրողներին:

‘’Ես լավ տրամադրություն ունեմ և անհամբեր եմ սպասում առաջիկա երկու տարիներին’’, ավելացրել է ԱՄՆ-ի նախագահը։

Արամ Վանեցյան
Քեն Բրեդեմայեր

XS
SM
MD
LG