Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 13-ին, Ստամբուլի կենտրոնի բանուկ փողոցում պայթյունի հետևանքով վեց մարդ զոհվել է, ևս 81-ը վիրավորվել։
Թուրքիայի ամենամեծ քաղաքի Իսթիքլալ պողոտան, ինչպես միշտ, հանգստյան օրերին մարդաշատ էր գնորդներով, զբոսաշրջիկներով և ընտանիքներով:
Reuters-ի լրագրողը պողոտային մոտ Թաքսիմ հրապարակում նկատել է ուղղաթիռ և շտապօգնության մի քանի մեքենաներ:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի վայրում են հանցագործության տեսուչները, իսկ «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել պայթյունի առնչությամբ:
Թուրքիայում արգելք է դրվել պայթյունի լուսաբանման վրա այն տեղի ունենալուց մոտ մեկ ժամ անց:
Ոստիկանությունը ձերբակալել է 47 մարդու, այդ թվում՝ սիրիացի կնոջ, ովքեր կասկածվում են ռումբը տեղադրելու մեջ։
Թուրքիան պայթյունի մեջ մեղադրել է քուրդ զինյալներին: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, իսկ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերը հերքել են իրենց մասնակցությունը դրան:
Վեց մարդ բուժվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որոնցից երկուսի վիճակը ծանր է, հայտնում են իշխանությունները: Նրանք 24 վիրավորների թվում են, որոնք դեռ հիվանդանոցում են, ևս 57 հոգի բուժումից հետո դուրս են գրվել։
Հարձակումը մտավախություն առաջացրեց, որ ավելի շատ նման միջադեպեր կարող են տեղի ունենալ 2023 թվականի հունիսին նշանակված ընտրություններից առաջ, որոնց արդյունքում, ըստ հարցումների, նախագահ Թայիփ Էրդողանը կարող է պարտվել երկու տասնամյակ տևած իշխանությունից հետո: Հայտնում է Reuters գործակալությունը։