Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն անհանգստացած է. Իրանը Ռուսաստանին կարող է փոխանցել ճշգրիտ կառավարվող առաջադեմ հրթիռներ 


Պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանից Ռուսաստան զենքի հոսքի մեջ ներգրավված անձանց նկատմամբ

ԱՄՆ-ը մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է Իրանից գնել առաջադեմ սպառազինություններ, ինչպիսիք են «երկիր-երկիր» տիպի հրթիռները, որոնք միանշանակ կօգտագործվեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում, հայտնել է պատքարտուղարությունը:

«Մենք արդեն ասել ենք, որ օգտագործում ենք բոլոր համապատասխան գործիքները՝ հայտնաբերելու, զսպելու և հակազդելու այդ զինամթերքի իրանական առաքումները ուկրաինացի ժողովրդի դեմ օգտագործելու համար», - ասել է պատքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք կշարունակենք խստորեն կիրառել ԱՄՆ-ի պատժամիջոցները ռուսական և իրանական զենքի առևտրի դեմ, որպեսզի դժվարացնենք Իրանի համար այդ զենքի վաճառքը Ռուսաստանին, օգնենք ուկրաինացիներին ստանալ այն, ինչ անհրաժեշտ է՝ պաշտպանվելու այդ սպառնալիքներից: ... Մենք կաջակցենք Մերձավոր Արևելքի մեր գործընկերներին իրանական սպառնալիքի դեմ, որին բախվում են նաև նրանցից շատերը»,- ասել է պաշտոնյան։

Նա հավելել է. «Թյուրիմացություններից խուսափելու համար բոլոր նրանք, ովքեր գործարար կապեր ունեն Իրանի հետ, որը կարող է կապված լինել անօդաչու թռչող սարքերի կամ բալիստիկ հրթիռների ստեղծման, Իրանից Ռուսաստան զենքի հոսքի հետ, պետք է շատ զգույշ լինեն», - ասել է Փրայսը: «Մենք չենք վարանի կիրառել մեր պատժամիջոցները: Մենք չենք վարանի կիրառել համապատասխան և արդյունավետ գործիքներ»,- ասել է նա։

Իրանը Ռուսաստանին կարող է փոխանցել ճշգրիտ կառավարվող առաջադեմ հրթիռներ
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

Փրայսը նշել է նաև, որ ակնհայտ է, որ Ռուսաստանն այժմ բավականին բարդ իրավիճակում է գտնվում և հուսահատորեն փնտրում է գործընկերներ ինչպիսին են հանդիսանում Մոսկվայի համար Իրանն ու Հյուսիսային Կորեան:

Իսկ նախօրեին CNN-ը, հենվելով արեւմտյան երկրներից մեկի պաշտոնյաներից ստացված տեղեկության վրա, հայտնել է, որ Իրանը պատրաստվում է մոտ 1000 լրացուցիչ զինատեսակ ուղարկել Ռուսաստան, այդ թվում՝ կարճ հեռահարության «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներ և ավելի շատ հարձակողական անօդաչու սարքեր՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար:

Սա առաջին դեպքն է, երբ Իրանը Ռուսաստան է ուղարկում առաջադեմ ճշգրիտ կառավարվող հրթիռներ, որոնք կարող են Կրեմլին զգալի առավելություն տալ մարտի դաշտում:

Իրանից Ռուսաստան զենքի վերջին առաքումը ներառում էր մոտ 450 անօդաչու թռչող սարք, որոնք Ռուսաստանը արդեն օգտագործել է Ուկրաինայում, նշում են աղբյուրները։ Ուկրաինայի իշխանությունները անցյալ շաբաթ հայտարարեցին, որ իրենց ուժերը խոցել են իրանական ավելի քան 300 դրոն։

Այս նոր առաքումը կնշանակի Ռուսաստանի ռազմական ջանքերին Իրանի աջակցության մեծացում: Թեև Ռուսաստան զենքերի առաքման ստույգ ժամկետները դեռևս պարզ չեն, պաշտոնյաները կարծում են, որ զենքը կմատակարարվի մինչև տարեվերջ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը երեքշաբթի ասաց, որ Ուկրաինան ներկայումս «արդյունավետ պաշտպանություն չունի այդ հրթիռներից: Տեսականորեն դրանք կարող են խոցվել, բայց դա շատ դժվար է անել այն միջոցներով, որոնք այսօր առկա են ուկրաինական կողմի մոտ։

Իրանական զենքերի փոխանցումը Ռուսաստանին, ամենայն հավանականությամբ, ավելի կվատթարացնի ԱՄՆ-ի հարաբերություններն Իրանի հետ: Երկուշաբթի օրը Իրանում ԱՄՆ բանագնաց Ռոբ Մելլին ասել է, որ Բայդենի վարչակազմը չի պատրաստվում «ժամանակ վատնել» միջուկային համաձայնագրի վերսկսման բանակցությունների վրա, եթե չլինեն իրավիճակային փոփոխություններ:

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG