Մատչելի հղումներ

Մենք կշարունակենք ներգրավված լինել առաջիկա ամիսներին. Վաշինգտոնը՝ Բաքվի ու Երևանի միջև խաղաղ գործընթացի մասին


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը պատասխանել է լրագրողների հարցերն՝ կապված Սոչիում կայացած Ալիև-Պուտին-Փաշինյան հանդիպման ու ԱՄՆ-ի հետագա քայլերի մասին: Խոսնակ Փրայսը նկատել է. «Մենք, իհարկե, այս (Սոչիի) հանդիպման մասնակիցը չէինք և մենք չէ, որ պետք է խոսենք դրա մասին»

Իր խոսքում նա նշել է, որ պետքարտուղար Բլինքենը բազմիցս ընդգծել է, այդ թվում՝ Նյու Յորքում երկու ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, որ Վաշինգտոնը հավատարիմ է հայ-ադրբեջանական խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին։ «Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղությանը հասնելու համար: Ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են այդ կայուն խաղաղությանը: Այսպիսով, մենք կշարունակենք ներգրավված լինել առաջիկա ամիսներին՝ դյուրացնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները երկկողմանի, գործընկերների հետ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների միջոցով»։

Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք պետք է ակնկալել հեռախոսազանգեր կամ հանդիպումներ պետքարտուղարի և երկրների արտգործնախարարների միջև՝ Նեդ Փրայսը շեշտել է.

«Կարծում եմ՝ այդ ամենը սեղանի վրա է: Մենք կանենք այն, ինչն ամենաօգտակարն ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար»։

XS
SM
MD
LG