Մատչելի հղումներ

Թուրք-լիբիական համաձայնագիր. Թուրքիան և Հունաստանը հնարավոր բախման եզրին են


Հոկտեմբերի ամսին թուրքական էներգետիկ համաձայնագիրը Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ ստորագրվել է Թուրքիայի և Հունաստանի միջև աճող լարվածության պայմաններում: Մրցակցության հետևանքները տարածվում են Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ողջ տարածքում

Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև էներգետիկ համաձայնագիրը մեծ հաղթանակ է Անկարայի համար ոչ միայն ֆինանսական առումով, կարծում են վերլուծաբանները:

«Լիբիան օգնում է Թուրքիային հասնել տնտեսական հաջողությունների, որոնք զգալի կլինեն, և այդ ընթացքում դա հարվածում է Հունաստանին։ Այսպիսին է քաղաքական վիճակը»,- պնդում է կազմակերպված հանցավորության դեմ Ժնևում տրանսնացիոնալ համաշխարհային նախաձեռնության ավագ վերլուծաբան Ջալել Հարչաուինը։

Համաձայնագիրը թույլ է տալիս թուրքական կողմին էներգակիրների հարցով հետազոտում իրականացնել Միջերկրական ծովի ջրերում, որոնց հավակնում է Հունաստանը:

Վերլուծաբաններն ասում են, որ թուրքական և հունական ուժերը արդեն պարբերաբար առերեսվում են Էգեյան ծովի վիճելի ջրերում:

Լիբիական համաձայնագիրն այժմ սպառնում է ընդլայնել այդ մրցակցությունները...

«Մենք նախկինում տեսնում էինք, որ Էգեյան ծովի ջրերի մոտ բախումներ են եղել: Մենք տեսել ենք թուրքական սադրանքները Կիպրոսի տարածքային ջրերում: Հարցն այն է, որ, ինչպես տեսաք, Հունաստանի կառավարությունը մեծ չափով զայրացած է»,- նշում է Աթենքի Հունաստանի ազգային պաշտպանության քոլեջի միջազգային հարաբերությունների գծով մասնագետ Այա Բուրվեյլան:

Թուրքիան և Հունաստանը հնարավոր բախման եզրին են
please wait

No media source currently available

0:00 0:02:23 0:00

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը վերջերս Կահիրեում բանակցություններ է վարել եգիպտացի իր գործընկեր Սամեհ Շուկրիի հետ, և երկու երկրները դատապարտել են Լիբիայի էներգետիկ համաձայնագիրը:

Կահիրեն նաև հայտարարեց, որ դադարեցնում է Անկարայի հետ բանակցությունները, որոնք ուղղված էին լարված հարաբերությունների բարելավմանը։ Ըստ վերլուծաբանների՝ տարածաշրջանի երկրները ներքաշվում են հակամարտության մեջ:

Ֆրանսիան, որը Հունաստանի և Եգիպտոսի հզոր դաշնակիցն է, նույնպես դատապարտել է թուրք-լիբիական վերջին էներգետիկ համաձայնագիրը՝ որպես միջազգային իրավունքի խախտում:

Ֆրանսիան և Հունաստանը երկկողմանի պաշտպանական համաձայնագիր ունեն. Փարիզն օգնում է Աթենքին արդիականացնել իր ռազմական ուժերը:

«Երկու կողմերն էլ գիտեն, որ դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Որովհետև դուք չունեք միայն Թուրքիա և Հունաստան Արևելյան Միջերկրածովում: Դուք ունեք այլ երկրներ ևս. այստեղ են ֆրանսիացիները, Իսրայելը, Եգիպտոսը»,- նշում է միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սենեմ Այդըն-Դուզգիթը Սաբանջի համալսարանից:

Իրավիճակը կարող է թեժանալ, եթե Անկարան որոշի իր էներգետիկ հետազոտական նավերն ուղարկել Հունաստանի վիճելի ջրեր Լիբիայի համաձայնագրի շրջանակներում:

Բայց հենց այն պատճառով, որ խաղադրույքները շատ մեծ են տարածաշրջանի համար, վերլուծաբանները կանխատեսում են, որ բոլոր կողմերը կաշխատեն խուսափել ցանկացած առճակատումից:

Հոդվածը պատրաստվել է Ստամբուլում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG