Մատչելի հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում, թե օգտակար է կամ օգտակար կլինի արդյոք նրանց համար նախագահ Պուտինի հրավերը. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հետ կապված Մոսկվայից հնչած քննադատությանն ու Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին եռակողմ հանդիպման համար Մոսկվա հրավիրելու հարցերին, ուր մասնավորապես նշել է.

«Մենք, անկասկած, վիճարկում ենք մեր ջանքերը որպես ինքնագովազդ որակելը։ Ոչ մի ինքնագովազդի խնդիր չկա, եթե մենք փորձում ենք վերջ դնել տարիներ շարունակվող հակամարտությանն ու տարիների բռնկումներին, որոնք հանգեցրել են բռնությունների և ի վերջո մահվան՝ երկու կողմում էլ՝ հայերի ու Ադրբեջանի քաղաքացիների շրջանում: Այստեղ մեր միակ նպատակն է տեսնել և օգնել այս երկրներին աշխատել միասին՝ համապարփակ և տեւական խաղաղություն հաստատելու և, ի վերջո, կյանքեր փրկելու համար: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ:

Ինչպես ընդգծել է պետքարտուղարը, մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք երկու ղեկավարներին էլ խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Ահա թե ինչու պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների իր գործընկերների հետ, և դա առաջին անգամն էր, երբ նրանք նույն սենյակում էին վերջին էսկալացիայի բռնկումից հետո: Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում, թե նախագահ Պուտինի հրավերն օգտակար է կամ օգտակար կլինի նրանց համար՝ ձգտելով այդ կայուն խաղաղությանը: 2008 թվականի Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանի ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Բայց, ի վերջո, սա կլինի մի որոշում, որը պետք է կայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը։

Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը, ի վերջո, ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցող չկա։ 1991 թվականին Խորհրդային Միությունից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այս երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ հետապնդելու Մոսկվայից կամ որևէ այլ երկրից անկախ իր արտաքին քաղաքական շահերը»,- ասել է Նեդ Փրայսը:

Հիշեցնենք, որ այս օրերին ռուսական լրատվամիջոցներն ու Հայաստանի պաշտոնական որոշ շրջանակներ հայտնել են, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կկայանա Պուտին, Ալիև, Փաշինյան եռակողմ հանդիպումը:

XS
SM
MD
LG