Մատչելի հղումներ

Մինչ ռուսական զորքերը նահանջում են, ուկրաինացիները պատրաստվում են ձմռանը ազատագրված քաղաքներում


Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքը ներկայիս ռազմաճակատի գծից ընդամենը 30 կմ հեռավորության վրա է գտնվում: Ուկրաինայի զինված ուժերը քաղաքը ազատագրել են սեպտեմբերի 24ին, սակայն այն դեռ շարունակում է գնդակոծվել։ Տեղի բնակիչ Օլենա Բորչանը փորձում է փրկել իր խանութի ապրանքների գոնե մի մասը։

«Մոտ երեք օր առաջ հրթիռային հարված ստացանք և հիմա ամեն ինչ պատված է կոտրված ապակիով…»,- նշում է Օլենա Բորչանը:

Մեկ այլ հրթիռի հետևանքով փշրվել են տեղի նախկին դատախազ Յուրի Չուպիլկոյի բնակարանի բոլոր պատուհանները։

«Չեմ հեռանում, քանի որ ես այնպիսի մարդ չեմ, որ փախչեմ: Ուրախ եմ, որ բնակարանս դեռ կանգուն է, պարզապես պատուհաններն են փշրված»,- ասել է Յուրի Չուպիլկոն

Չուպիլկոն հավելել է, որ իր կորուստները համեմատաբար փոքր են, քանի որ տեղացիներից շատերի տներն ամբողջությամբ ավերվել են։ Քաղաքում չկա գազ, ուստի տեղացիները հիմնականում ճաշ են պատրաստում դրսում՝ բաց կրակի վրա: Քաղաքում չկա նաև էլեկտրականություն և հեռախոսակապ։

Մինչև Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը, Կուպյանսկը աշխույժ և ուրախ քաղաք էր, նշել է տեղի բնակիչ Չուպիլկոն։ Նա նաև հավելել է, որ երբեք չի կարող ներել Ռուսաստանին.

«Իրենք իրենց մեր ավագ եղբայրն էին անվանում, բայց պարզվեց, որ նույնիսկ մեր ազգականը չեն»,- պնդում է նա:

«Իրենք իրենց մեր ավագ եղբայրն էին անվանում, բայց պարզվեց, որ նույնիսկ մեր ազգականը չեն»
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00

Աննա Տրոֆիմենկոն ռուսական հարձակման ամբողջ ընթացքում եղել է Կուպյանսկում։ Ռուս զինվորները խլել են նրա որդու մեքենան և Աննային սպառնացել ատրճանակով:

«Ռուս զինվորը ատրճանակը ուղղեց ինձ վրա։ Ես նրան ասացի, որ իր մոր նման ծեր կին եմ և հարցրեցի, թե ինչո՞ւ է ատրճանակ ուղղում ինձ վրա։ Նա պատասխանեց, որ ես աղմուկ էի անում»։,- պատմել է Աննա Տրոֆիմենկոն:

Ռուսական ուժերի հեռանալուց մի քանի օր անց քաղաքում սկսել է գործել տեղի շուկան։ Իրինան և նրա նման շատերը ամառը կարողացել են մասամբ դիմակայել իրենց աճեցրած բերքի շնորհիվ:

Պատերազմից առաջ Կուպյանսկում ապրում էր մոտ 30000 մարդ: Քաղաքը կարևոր երկաթուղային հանգույց էր։ Այստեղ գործում էին կաթի և մսի գործարաններ, ինչպես նաև շաքարի մեծ գործարան։ Սակայն, այսօր տեղացիները վառելափայտ են հավաքում սեփական տների բեկորներից՝ փորձելով նախապատրաստվել ծանր ձմռանը:

Հոդվածը պատրաստվել է Աննա Կոստուտչենկոյի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG