Մատչելի հղումներ

Իան ծովամրրկից հետո


Ամեն ինչ կորցրած մարդիկ հուսով են, որ այս ամենից մնալու է միայն տխուր հիշողությունը

Ֆլորիդայի բնակիչները Իան ծովամրրկից հետո այժմ կանգնած են մեծ դժվարությունների ու խնդիրների առջեւ:՞Նրանք դժգոհում են չորս օր առաջ սկսված փոթորկից հետո պետական աջակցության պակասի համար: Սընթ Ջեյմս քաղաքի բնակիչները պնդում են, որ չեն հեռանալու այստեղից, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հորդորում են բոլորին հեռանալ այստեղից, քանի որ քաղաքը կործանվել է հիմնովին: Այստեղ չկա էլեկտրասնուցում, իսկ ջուր տրվում է օրական երկու ժամ: Այս մասին է հաղորդում ''Ռոյթերս'' գործակալությունը:

Լիովին կործանված է մայրցամաքը Փայն կղզուն կապող ճանապարհը: Ճանապարհի տակից ծովամրրիկը տարել է ամբողջ հիմքը: Այստեղ կարելի է հասնել միայն նավակներով կամ ուղղաթռով:

Ընտանիքներից մեկին հաջողվել է հաստատել ինտերնետայի կապ, ինչը թույլ է տվել կազմակերպել օգնություն այս համայնքին: Այժմ այստեղ է հասցվում ջուր, սննդամթերք ու անհրաժեշտ տարբեր պարագաներ: Ամենադժվարը տարեցների համար է, որոնցից շատերն այստեղ ոչինչ չէին կերել մոտ երկու օր:

Բնակիչները համառորեն շարունակում են մնալ ավերված տներում, ու չնայած ճանապարհը միայն քսան օր հետո վերանորոգելու հնարավորությանը, նրանք ասում են, որ չեն հեռանալու:

Հիմա, երբ սկսել է ջրհեղեղի ջրերի հետքաշումը, փրկարարները կարողանում են հասնել ավելի հեռավոր հատվածներ, որոնք մինչ այժմ լիովին էին կտրված արտաքին աշխարհից: Միայն էլեկտրասնուցման ցանցը վերականգնելու համար այս նահանգից կպահանջվի տասնյակ միլիարդավոր դոլարներ:

Վերջին տվյալների համաձայն, Իան ծովամրրիկը խլել է մարդկային 85 կյանք:

Ֆլորիդա նահանգի Ֆորթ Մայերս ափամերձ քաղաքից նույնպես գրեթե ոչինչ չի մնացել: Կործանվել է ծովափնյա գոտու 90 տոկոսը: Մարդիկ ավերված տներից այժմ փորձում են գտնել իրենց համար ամենաթանկ իրերը:

Ապագան անորոշ է թվում նրանց համար, ում տները փլուզվել են հիմնովին:

Սակայն շատերն են ասում, թե երջանիկ են, քանի որ մնացել են ողջ: Նոր տուն կկառուցեն պետության ու ապահովագրական ընկերությունների աջակցությամբ: Ու հուսով են, որ նոր տունը կլինի ավելի ամուր ու դիմացկուն:

Այս ամենից կմնա միայն տխուր հիշողություն:

XS
SM
MD
LG