Մատչելի հղումներ

Ռուսաստանը պատրաստվում է պաշտոնապես իրեն կցել Ուկրաինայի ևս չորս տարածք


Ռուսաստանում ուրբաթ օրն անցկացվելու է Ուկրաինայի եւս չորս տարածքներ Ռուսաստանին կցելու պաշտոնական արարողություն, երբ վերջնական ստորագրման համար նախագահ Պուտինի առջեւ կդրվի դա հաստատող փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ մինչ այդ հանրաքվեներ էին անցկացվել այս տարածքներում`Լուգանսկում, Դոնեցկում, Զապորոժժիայում և Խերսոնում։

Մոսկվայի Կարմիր հրապարակում արդեն տեղադրվել է բեմ: Երեկոյան նախատեսված է համերգ:

Միջոցառումը 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման կրկնօրինակն է, որը նույնպես տեղի էր ունեցել տխրահռչակ հանրաքվեից հետո: Մի բան, որը չի ճանաչվել միջազգային հանրության ճնշող մեծամասնության կողմից: Չորս շրջանների բռնակցումը Ռուսաստանին եւ չի կարող ճանաչում ստանալ միջազգային համայնքի կողմից:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «կեղծ հանրաքվեները» արժեք չունեն և չեն փոխելու իրականությունը։ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի», ասել է նա:

Հիշեցնենք, որ հանրաքվեներն անցել են զինվորականության ուժեղ հսկողության ներքո, որպեսզի գրանցվի Ռուսաստանին միանալու մեծամասնություն:

Ինչպես Ղրիմի դեպքում, Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատները հաջորդ շաբաթ պաշտոնապես կվավերացնեն անեքսիայի մասին փաստաթղթերը: Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահը խորհրդարանի վերին պալատին կդիմի հոկտեմբերի 4-ին՝ իր 70-ամյակից երեք օր առաջ:

ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ՝ բեմականացված հանրաքվեների պատճառով: ԵՄ-ի անդամ երկրները քննարկում են միջոցառումների ութերորդ փուլը, այդ թվում՝ պատժամիջոցներ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մասնակցել են քվեարկությանը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի օկուպացված շրջաններում մարդկանց իրենց տներից և աշխատավայրերից տարել են վախեցնելով, երբեմն էլ՝ զենքի սպառնալիքով։ «Սա ազատ և արդար ընտրությունների հակառակ պատկերն է: Սա խաղաղության հակառակ պատկերն է’’, ասել է նա:

Ի դեպ, Ռուսաստանը լիովին չի վերահսկում նշված չորս շրջաններից եւ ոչ մեկը: Չնայած Լուգանսկի մեծ մասը մնում է Ռուսաստանի ձեռքում, Մոսկվան վերահսկում է Դոնեցկի միայն 60%-ը:

Հյուսիսից, արևելքից և հարավից Ուկրաինա ներխուժելուց յոթ ամիս անց պատերազմը դեռևս շարունակվում է ճակատային գծում բոլոր չորս այս շրջաններում: Զապորոժժիայի հարավային շրջանի մայրաքաղաքը հաստատապես գտնվում է Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ, իսկ Խերսոնում իրականացվում է ուժեղ հակահարձակում:

Ուկրաինական բանակը հետ է գրավել հյուսիս-արևելքում մեծ տարածքներ և սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ իր ուժերն այս պահին շրջափակում են ռուսական զորքերին Դոնեցկի ռազմավարական նշանակություն ունեցող Լիման քաղաքում:

Կցելով Ուկրաինայի օկուպացված տարածքները՝ Պուտինը կփորձի պնդել, որ արդեն ռուսական դարձած տարածքը արևմտյան զենքի կիրառմամբ ենթարկվում է հարձակման: Նա հույս ունի, որ այդ դեպքում որոշ կառավարություններ կդադարեցնեն իրենց ռազմական օգնությունը Կիևին: Սակայն Արեւմուտքը կտրականապես է հայտարարել, որ բռնակցված որեւէ շրջան չի ճանաչելու Ռուսաստանի կազմում:

Այս ընթացքում տղամարդիկ Ռուսաստանից փորձում են արագ հեռանալ, չցանկանալով դառնալ Արեւմուտքի կողմից Ուկրաինային հատկացված նորագույն զենքերի համար միս: Մինչեւ անցած երեքշաբթի օրը Ռուսաստանից միայն Ղազախստան է տեղափոխվել 98,000 ռուսաստանցի: Վրաստանի հետ սահմանին ավտոմեքենաների շարքերը շարունակում են խտանալ: Չի դադարում հոսքը դեպի Հայաստան: Ֆինլանդիան հայտարարել է, որ արգելում է ռուս զբոսաշրջիկների մուտքն իր տարածք, կամ իր տարածքի միջով դեպի Եվրամիության այլ երկրներ:

Պուտինը պատրաստվում է ստորագրել անիմաստ մի փաստաթուղթ, ասում են վերլուծաբանները:

XS
SM
MD
LG