Մատչելի հղումներ

Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ կսահմանի ընդդեմ Ռուսաստանի


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չորեքշաբթի օրն առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել, որի նպատակն Ուկրաինայում հակամարտությունը սրելու համար օկուպացված տարածքներում «կեղծ» ձայներով հանրաքվե անցկացնելու պատճառով Մոսկվային պատժելն է:

«Մենք չենք ընդունում կեղծ հանրաքվեները կամ որևէ տեսակի բռնակցում: Հետագա էսկալացիայի համար Կրեմլին պատժելու հարցում մենք վճռական ենք’’, ասել է նա լրագրողների հետ Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ:

Պատժամիջոցների փաթեթը ներառում է ռուսական ապրանքների ներմուծման հետագա արգելքները: Ակնկալվում է, որ Մոսկվան դրա արդյունքում կզրկվի լրացուցիչ 7 միլիարդ եվրոյի եկամտից, և ուժի մեջ կմտնեն տեխնոլոգիական ապրանքների արտահանումների նոր արգելքներ, ինչն ավելի մեծ վնաս կհասցնի ռուսական բանակի կողմից կիրառվող սարքավորումներին: Խոսքն ավիացիոն սարքավորումների, էլեկտրոնային բաղադրիչների և հատուկ քիմիական նյութերի մասին է, հայտարարել է ֆոն դեր Լեյենը:

Բացի դրանից, պատժամիջոցների փաթեթը իրավական հիմք կդնի նավթի գնի սահմանաչափի համար և կարգելի ԵՄ-ի քաղաքացիներին մասնակցել ռուսական պետական ընկերությունների ղեկավար մարմիններում, ասել է նա:

Մամլո ասուլիսին ներկա ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելն ասել է, որ պատժամիջոցների թիրախում գտնվող անձանց առաջարկվող ցուցակում կավելացվեն նոր մարդիկ, ովքեր «աջակցում են, նպաստում կամ օգուտ քաղում Ուկրաինա ներխուժումից»:

''Ռոյթերս''

XS
SM
MD
LG