Մատչելի հղումներ

‘’Բումերանգը հարվածելու է Պուտինին’’. Վերլուծաբաններ


Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի չորս շրջաններում անցկացվում են «հանրաքվեներ, որոնց նպատակը դրանք Ռուսաստանին կցելն է:Խոսքը Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի և Խերսոնի շրջանների գրավված հատվածների մասին է։ Օկուպացված տարածքների այն բնակիչներին, ովքեր կողմ են արտահայտվում, տրվում են Ռուսաստանի Դաշնության անձնագրեր, իսկ տղամարդկանց կանչում են հավաքագրման կետ՝ ռազմաճակատ ուղարկելու համար։

Այն, որ Ռուսաստանի իշխանությունները փորձելու էին այստեղ «ժողովրդի կամարտահայտում» կազմակերպել, հայտնի էր վաղուց: Նախապես ենթադրվում էր, որ Ղրիմի օրինակով անցկացվելիք «հանրաքվեն» պիտի տեղի ունենար սեպտեմբերի 11-ին: Հետո հայտարարվեց, որ միջոցառումը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 4-ը, երբ Ռուսաստանը նշում է Ազգային միասնության օրը։

Սակայն Խարկովի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հաջող հակահարձակումը և Ուկրաինայի բազմաթիվ բնակավայրերի ազատագրումը ստիպեցին Ռուսաստանի իշխանություններին շտապել և սեպտեմբերի 23-ից 27-ը հայտարարել օկուպացված տարածքներում հանրաքվե անցկացնելու մասին։

Սպասվում է, որ արդեն սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնության Պետդումա կներկայացվեն Ուկրաինայի չորս շրջանների օկուպացված տարածքները Ռուսաստանի կազմ մտցնելու մասին օրենքի նախագծեր։ Սեպտեմբերի 29-ին Դաշնային ժողովի երկու պալատներն էլ կընդունեն այս ուղղումները, իսկ սեպտեմբերի 30-ին Վլադիմիր Պուտինը կհայտարարի անեքսիայի` բռնակցման մասին։

Սակայն Մոսկվայի այս գործողությունները դարձել են միջազգային հանրության զայրույթի պատճառ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այս հանրաքվեները անվանել է «կեղծ»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրանք անվանել է «ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում»: Չինաստանի պետական խորհրդական և արտաքին գործերի նախարար Վան Ին ընդգծել է բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է դատապարտել հանրաքվեն, ասելով, որ դա կբարդացնի դիվանագիտական գործընթացի վերակենդանացման ջանքերը»:

«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության թղթակիցը զրուցել է եվրոպական չորս երկրների խորհրդարանականների հետ և խնդրել նրանց իրենց կարծիքը ներկայացնել հանրաքվեների օրինականության վերաբերյալ և պատմել, թե ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի համար ուկրաինական տարածքների հերթական բռնակցումը։

Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուշտրևիչյուսը համոզված է, որ այս հանրաքվեների արդյունքներն աշխարհում չեն ճանաչվելու։

«Պատճառը պարզ է. Հանրաքվեի և նախընտրական քարոզարշավի համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ. Ժողովրդավարական և ազատ պայմաններ ու մթնոլորտ, այդ տարածքների վրա վերահսկողություն այն կառավարությունների կողմից, որոնց այդ տարածքները պատկանում են, զինված խմբավորումների բացակայություն այս տարածքներում։ Այս բոլոր պայմանները բացակայում են, այսպես կոչված, «հանրաքվեում», ասում է նա: Նրա խոսքերով՝ նման քայլը ամենալուրջ հետեւանքները կունենա հենց Ռուսաստանի վրա։

«Սա զուտ օկուպացիա չէ, սա անեքսիա է, բռնակցում, 2014 թվականին Ղրիմի սցենարի կրկնություն։ Բայց մենք գիտենք, որ այդ ժամանակվանից Ռուսաստանը սկզբունքորեն ոչ մի առաջընթաց չի արձանագրել: Ընդհակառակը, այն վատթարացրել է իր վիճակը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Ղրիմի համար առաջ են եկել տարբեր խնդիրներ՝ կապված պատժամիջոցների և մեկուսացման հետ։ Ուստի ես կանխատեսում եմ, որ Արևմուտքի արձագանքը և գործընկերների արձագանքը ծայրահեղ բացասական կլինեն։ Սա կլինի նոր պատժամիջոցների պատճառ’’:

Օրենսդիրը համոզված է, որ Ռուսաստանը մտադիր էր օկուպացիան և դրան հաջորդած անեքսիան իրականացնել փետրվարի 24-ից անմիջապես հետո եւ հավատում էր, որ դա անելու էր ամբողջ Ուկրաինայում: ‘’Սակայն ռուսները չարաչար սխալվեցին, տեսնելով ուկրաինական կողմի ուժեղ պայքարը եւ Արեւմուտքի միասնությունը, ու հիմա ցանկանում են հենվել գոնե այնտեղ, որտեղ ներկա պահին հաստատել են վերահսկողություն: Պարզապես ուզում են ցույց տալ գոնե ինչ-որ արդյունք իրենց ներքին սպառման համար: Օտար տարածքների բռնակցումը մեծ երջանկություն է զոմբիացված հասարակության համար’’, ասում է Աուստրևիչուսը:

Լատվիայի Սեյմի պատգամավոր Վյաչեսլավս Դոմբրովսկիսը հրապարակային հարցն է տալիս, թե աշխարհում ո՞ւմ մտքով կանցնի ճանաչել նման հանրաքվեների արդյունքները «հիտլերական լավագույն ավանդույթներով օկուպացված» տարածքներում: «Կարծում եմ, որ Ռուսաստանն այնքան խորն է խրվել այս պատերազմի մեջ, որ դժվար թե սրանից ավելի վատ պայմանների մեջ հայտնվի’’, ասում է նա:

‘’Ռուսական կողմը կարծում է, որ այսպիսով լրջորեն սրում է իրավիճակը և բարձրացնում խաղադրույքները: Եվ դրա վրա հույս դնելով է ենթադրում, որ Ուկրաինան և աշխարհը կարող են գնալ զիջումների: Բայց այս հարցում Ռուսաստանը չարաչար է սխալվում’’, ասում է Դոմբրովսկիսը:

Մոլդովայի խորհրդարանի անդամ Օազու Նանտոյը կարծում է, որ Ռուսաստանի հասարակությունը կարող էր ցնծության մեջ հայտնվել, եթե Ուկրաինան ենթարկվեր կապիտուլյացիայի, եթե իրագործվեր «Կիևը երեք օրում վերցնելու» Պուտինի ծրագիրը:

«Սակայն Պուտինը խրվեց Ուկրաինայում, և ռուսական բանակը կրում է պարտություն: Եվ այս իրավիճակում Պուտինը պիտի գնար շանտաժի. նա իրոք կարիք ունի ինչ-որ բան ներկայացնել ներքին լսարանին որպես իրականացված նպատակ: Եվ դրա համար էլ նա սկսեց այս այսպես կոչված հանրաքվեները:

«Եվ պարզ է, որ համաշխարհային հանրությունը, որը շատ է տեսել բռնակալներ և ֆյուրերներ, պատճառ չունի ճանաչելու այսպես կոչված «հանրաքվեները», ասում է նա ու հիշեցնում, որ ժողովրդավարական երկրներից և ոչ մեկը չի ճանաչել Ղրիմի բռնակցումը»:

Նրա կարծիքով, առաջիկա օրերին պարզ կդառնա, թե արդյոք Ռուսաստանում կա քաղաքացիական հասարակություն, թե ոչ:

«Հիմա մտնում են տներ, տանում ընտանիքի հորը, որդուն, ամուսնուն, եղբորը: Ու տանում են դեպի սպանդանոց։ Որովհետև վարժանքներ չանցած անձինք նման դաժան պատերազմում դառնալու են թնդանոթի միս»,- բացատրում է Նանտոյը։

Նա համոզված է, որ ուկրաինական տարածքներն իրեն միացնելու Ռուսաստանի փորձերը անհետևանք չեն մնալու: «Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 141 երկիր դատապարտել է Ռուսաստանի Դաշնության ագրեսիան Ուկրաինայի դեմ, իսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Պուտինին ասել է, որ պատերազմների դարաշրջանն արդեն անցյալում է, և հակամարտությունը պետք է ավարտվի, պարզ է դառնում, որ այս կեղծ հանրաքվեն, մոբիլիզացիան եւ միջուկային զենքի սպառնալիքները հավանաբար վերջին արդարացումներից կզրկեն քաղաքական այն գործիչներին, որոնք իրոք հավատում էին, որ վիրավորված Պուտինը ճիշտ էր։ Եվ Պուտինի այս քայլը կհանգեցնի նրան, որ միայն պուտինյան ռեժիմի ռազմական պարտությունը կարող է վերականգնել մայրցամաքի անվտանգությունը և ավտորիտար ռեժիմներին կհասկացնի, որ կան խաղի կանոններ, որոնք ոչ ոք չի կարող խախտել»,- ասում է քաղաքական գործիչը։

Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը համոզված է, որ հարեւան երկրի տարածքները բռնակցելու ցանկությունը ամենալուրջ հետեւանքներն է ունենալու Ռուսաստանի վրա։ «Ի վերջո, պետության տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի կարևորագույն նորմերից է, և Ռուսաստանը խախտում է այդ սկզբունքը։ Եվ դա հարվածելու է Ռուսաստանի ներկա վարչակարգին այնպես, ինչպես բումերանգն է հարվածում նրան, ով նետում է այդ բումերանգը:

XS
SM
MD
LG