Մատչելի հղումներ

Ռուսաստանի դպրոցներից մեկում զինված անձը սպանել է առնվազն 13 մարդ


Երկուշաբթի օրը, սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի դպրոցներից մեկում զինված անձը սպանել է 13 մարդու և վիրավորել՝ 21-ին: Սպանվածների թվում են եղել նաև 7 երեխաներ: Քննիչները հայտնել են, որ նա ինքնասպան է եղել կրակոցներից անմիջապես հետո:

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայից մոտ 970 կմ դեպի արևելք գտնվող Իժևսկ քաղաքում: Տղամարդու ինքնությունը և հրաձգության դրդապատճառը դեռ պարզ չեն:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն, որը զբաղվում է խոշոր հանցագործություններով, հայտնել է, որ զինված անձը կրել է բալակլավա: Կոմիտեի կողմից հրապարակված կարճ տեսանյութում երևում է տղամարդու մարմինը՝ ընկած դասասենյակի հատակին:

Կոմիտեն նաև նշել է, որ վեց չափահաս զոհերի թվում են ուսուցիչներ և անվտանգության աշխատակիցներ: հայտնի է 21 վիրավորների մասին, որոնցից 14-ը երեխաներ են: Որոշ երեխաներ վիրավորվել են, քանի որ փրկվելու համար նրանք ցած են նետվել պատուհանից

Tass լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով քննիչներին, հայտնել է, որ հարձակվողը զինված է եղել երկու ատրճանակով և մեծ քանակությամբ զինամթերքով:

Սա վերջին տարիներին Ռուսաստանում առաջին զինված հարձակումը չէր դպրոցի վրա: 2021 թվականի մայիսին Կազան քաղաքում դեռահաս զինված անձը սպանել էր յոթ երեխայի և երկու մեծահասակի։ 2022 թվականի ապրիլին՝ նախքան ինքնասպան լինելը, Ուլյանովսկի կենտրոնական շրջանի մանկապարտեզներից մեկում զինված տղամարդը սպանել էր երկու երեխայի և նրանց ուսուցչուհուն։

Հոդվածը պատրաստվել է Tass և Reuters լրատվականների նյութերի հիման վրա:

XS
SM
MD
LG