Մատչելի հղումներ

Բախումներ` Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին


Չորեքշաբթի օրը ղրղըզ և տաջիկ սահմանապահների միջև փոխհրաձգության ժամանակ առնվազն երկու մարդ է զոհվել։

Բախումները սկսվել են տարածաշրջանային անվտանգության գագաթաժողովի նախօրեին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր բախումներից մեկ օր անց, եւ մտավախություն էր առաջ եկել, որ անկայունությունը կարող է տարածվել հետխորհրդային տարածքի այլ մասերում, երբ Ռուսաստանը պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ:

Ղրղըզ սահմանապահները տաջիկներին մեղադրել են սահմանի չսահմանազատված հատվածում դիրքեր գրավելու մեջ։ Տաջիկական կողմը հայտարարել է, որ ղրղըզ սահմանապահները առանց նախազգուշացման կրակ են բացել Տաջիկստանի ռազմակայանի ուղղությամբ։

Բախումներ այս երկրների սահմանին պարբերաբար են տեղի ունենում։

Հիշեցնենք, որ երկու պետությունների տարածքում տեղակայված են ռուսական ռազմաբազաներ։

Տաջիկստանի անվտանգության աղբյուրները հայտնել են, որ սահմանի տաջիկական կողմում զոհվել է երկու սահմանապահ, 11 մարդ, այդ թվում՝ հինգ խաղաղ բնակիչ վիրավորվել է:

Ղրղըզստանը հայտնել է, որ առնվազն ղրղըզ երկու զինվորական և երկու խաղաղ բնակիչ վիրավորվել են, և որ փոխհրաձգություններ են տեղի ունեցել նաև իր սահմանի երկայնքով երկու այլ շրջաններում՝ Ուզբեկստանին և Տաջիկստանին սահմանակից հարավային շրջանում՝ Բատկեն նահանգում:

Ղրղըզական լրատվամիջոցները ցուցադրել են տեսանյութ, որտեղ երեւում է, որ սահմանամերձ գյուղի բնակիչները հեռանում են իրենց տներից՝ ասելով, թե իրենց կրակել են տաջիկական կողմից։ Տաջիկական լրատվամիջոցները ցույց են տվել նաև սահմանամերձ գյուղի դպրոցից երեխաների տարհանումը։

Ղրղըզստանի սահմանային ծառայությունը հայտնում է, որ բանակցություններ են ընթանում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:

''Ռոյթերս''

XS
SM
MD
LG