Մատչելի հղումներ

Ուկրաինան պնդում է, որ ռուսական ուժերը նահանջել են դեպի հյուսիս-արևելյան սահման


Ուկրաինան երկուշաբթի հայտարարեց, որ ազատագրել է ևս մի քանի գյուղեր երկրի հյուսիսարևելյան հատվածում՝ ռուսական զորքերի մի մասին ստիպելով նահանջել դեպի երկրների միջև սահմանային գոտի:

Կիևի և Մոսկվայի միջև վերջին շրջանի բախումներից հետո ուկրաինացի առաջնորդները բարձրաձայնեցին սեպտեմբերի սկզբից Խարկովի մարզում անսպասելի առաջխաղացման մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանգստյան օրերին խոստովանել է, որ հետ է քաշում իր ուժերը՝ պնդելով, որ նրանք վերախմբավորում են դրանք Դոնեցկի շրջանում:

Հյուսիսարևելյան Խարկովի մարզի ուկրաինացի նահանգապետ Օլեհ Սինյեհուբովն ասում է, որ ռազմաճակատի որոշ հատվածներում ուկրաինական զորքերը հասել են Ռուսաստանի Դաշնության հետ պետական սահմանին, իսկ ռուսական զորքերը քաոսային նահանջում են:

Վերջերս ազատագրված Զալիզնիչնե քաղաքի բնակիչ Դմիտրի Հրուշչենկոն իր հերթին Sky News-ին պատմել է, որ ռուսներն այստեղ էին առավոտյան ժամերին, սակայն կեսօրին հանկարծ սկսեցին հեռանալ ու փախչել՝ թողնելով իրենց տանկերը և զրահատեխնիկան:

Կիևը պնդում է, որ ռուսական ուժերը նահանջել են
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում իր զորքերը հետ են գրավել ավելի քան 20 բնակավայր։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ վերջին օրերին Կիևի ուժերը հետ են վերցրել Լոնդոնի մետրոպոլիայի չափի մի տարածք:

Վերլուծաբանները նշում են, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի մինչև 2023 թվականը, սակայն Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը երկուշաբթի հայտնել է, որ «Ուկրաինան այս պատերազմի շրջել է իր օգտին»՝ Արևմուտքի կողմից մատակարարվող զենքի արդյունավետ օգտագործման միջոցով, ինչպիսին է հեռահար HIMARS հրթիռային համակարգերը: Կիևը, ամենայն հավանականությամբ, ավելի ու ավելի շատ հանդես կգա թելադրողի դերում, գտնում են կենտրոնի վերլուծաբանները:

Խարկովում ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ Ռուսաստանի կողմից անջատված էլեկտրաէներգիան և ջուրը վերականգնվել է շրջանի բնակչության մոտ 80 տոկոսի մոտ։

Կիրակի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին դիմելով ռուսական կողմին, ասել է. «Դուք դեռ կարծում եք, որ կարող եք վախեցնել, կոտրել մեզ, ստիպել մեզ զիջումների գնալ: Մեզ համար ցուրտը, սովը, խավարը և ծարավն այնքան սարսափելի և մահացու չեն, որքան ձեր «ընկերությունն» ու «եղբայրությունը»:

«Մենք ունենալու ենք գազ, լույս, ջուր և սնունդ… և ԱՌԱՆՑ ձեզ», ասել է նա:

Ռուսաստանում իր հերթին նույնիսկ պետական հսկողության տակ գտնվող հեռուստատեսությամբ հնչեցին որոշ բողոքի ձայներ այն անհաջողությունների վերաբերյալ, որոնք ռուսական կողմը կրում է մարտի դաշտում:

«Մարդիկ, ովքեր համոզեցին նախագահ (Վլադիմիր) Պուտինին, որ գործողությունը կլինի արագ և արդյունավետ... այս մարդիկ իսկապես խաբեցին մեզ բոլորիս»,- ասել է խորհրդարանի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը NTV հեռուստատեսային թոք շոուում։ «Մենք այժմ գտնվում ենք այն կետում, ուր պետք է հասկանանք, որ բացարձակապես անհնար է հաղթել Ուկրաինային՝ օգտագործելով այս ռեսուրսները և գաղութային պատերազմի մեթոդները»:

Սակայն պատերազմի զոհերի թիվը շարունակում է աճել, և Ուկրաինայի նախագահական գրասենյակը հայտնում է, որ առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 11-ը վիրավորվել երկրի ինը շրջաններում ռուսական մի շարք հրթիռային հարձակումների հետևանքով: Անգամ Խարկովում հրթիռի հարված է հասցրել քաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանական բաժանմունքին, որի մի մասը հրդեհվել է և մեկ մարդ զոհվել, ասել է շրջանի ոստիկանապետը:

Ռուսաստանը նաև Զապորոժժիայի ատոմակայանից ռմբակոծել է Նիկոպոլ բնակավայրը Դնեպր գետի ափին՝ վնասելով այնտեղ գտնվող մի քանի շենքեր։ Այդ կայանի վերջին գործող ռեակտորը դադարել է գործել ռադիացիայի արտահոսքը կանխելու համար։

Հոդվածը պատրաստվել է մասամբ Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG