Նախագահ Ջո Բայդենն իր վերջին ելույթներից մեկում մի քանի տասնյակ անգամ օգտագործեց «ժողովրդավարություն» բառը, փորձելով ցույց տալ, թե ինչն է ինքը համարում Թրամին աջակցող հանրապետականների վարքագծում վտանգավոր:
«Կասկած չկա, որ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունն այսօր հիմնականում առաջնորդվում է Դոնալդ Թրամփի գաղափարներով եւ կառավարվում ‘’Նորից հզորացնենք Ամերիկան’’ կարգախոսի հետեւում կանգնած հանրապետականներով’’: Այս միտքն արտահայտեց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ: 25-րոպեանոց ելույթ, որի ընթացքում ‘’ժողովրդավարություն’’ բառը նա կիրառեց 25 անգամ:
Նա իր խոսքը հիմնականում ուղղեց նրանց, ովքեր դեռեւս շարունակում են պնդել, որ 2020 թվականի ընտրությունները գողացվել են Թրամփից, ովքեր մասնակցել են ու շարունակում են աջակցել Կոնգրեսի շենքի դեմ հունվարի 6-ին իրականացված հարձակման մասնակիցներին:
Իսկ Ներկայացուցիչների պալատի հանրապետական առաջնորդ Քևին Մաքքարթին Բայդենին մեղադրում է պառակտման մեջ: «Բայդենի շուրթերից պիտի հնչեին տասնյակ միլիոնավոր այն ամերիկացիներից ներողություն խնդրելու խոսքեր, որոնց նա անվանել է ֆաշիստներ’’, ասել է Մաքքարթին:
Սա այս շաբաթվա ընթացքում Բայդենի երկրորդ այցն էր Փենսիլվանիա: Նահանգ, որը չափազանց մեծ նշանակություն ունի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Բայդենի Դեմոկրատական ու Թրամփի Հանրապետական կուսակցությունների միջեւ պայքարում:
Վերլուծաբաններից շատերն այսօր չեն հավատում, որ Բայդենի կողմից հնչեցված հայտարարությունները համընկնում են իրականացվող գործողությունների հետ:
Օրինակ, ինչպես Չիկագոյի համալսարանի ամերիկյան քաղաքականության պրոֆեսոր Ուիլյամ Հաուելն է ասում ‘’Սկայպ’’-ի միջոցով, «Դեմոկրատներն առաջնային հարցեր են համարում հրազենի հետ կապված խնդիրները եւ ժողովրդավարությունը: Սակայն հետաքրքիր է, որ նա օրենսդրորեն շատ բան չի արել այդ ոլորտներից որևէ մեկում’’, ասում է նա:
Թեքսասի համալսարանից Ջերեմի Սուրին էլ այն կարծիքին է, որ դեմոկրատների սուր հռետորաբանությունն իրեն արդարացնում է: ‘’Անկախ մեծաթիվ ընտրողներ՝ հատկապես կանայք, նույնիսկ պահպանողական նահանգներում, ինչպիսիք են Թեքսասը և Քանզասը, հոգնել են հանրապետականների օբստրուկցիոնիզմից, այսինքն շարունակ խանգարելու քաղաքականությունից’’: Եվ ստացվում է այնպես, ասում է վերլուծաբանը, որ որքան շատ է Թրամփը հայտնվում նորությունների բաժնում, այնքան ավելի է բարձրանում դեմոկրատների վարկանիշը:
Իսկ նոյեմբերյան ընտրություններին երկար ժամանակ չի մնացել: Ամերիկան անհամբերությամբ է սպասում, տեսնելու համար, թե որ կուսակցությունը կստանձնի մեծամասնություն Կոնգրեսում:
''Ամերիկայի Ձայն''