Մատչելի հղումներ

Քրդական ուժերը մաքրում են Սիրիայի ճամբարը ‘’Դաեշ’’’-ի անդամներից


ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերը Սիրիայի ճամբարներից մեկում լայնածավալ արշավ են սկսել «Իսլամական պետություն» խմբավորման կասկածյալների դեմ: Այստեղ են գտնվում նրանց ընտանիքների անդամները:

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» կամ SDF-ն սկսել է անվտանգության բազմօրյա արշավ Ալ-Հոլի ճամբարում, որտեղ գտնվում են Սիրիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ կապեր ունեցող հազարավոր ընտանիքներ:

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» ղեկավարներն ասում են, որ նպատակը ԻՊ-ի ցանկացած անդամի այս ճամբարից մաքրելն է: Ճամբար, որը նրանց խոսքերով, հենց այս անձանց ներկայության արդյունքում վերածվում է բռնությունների կենտրոնի:

Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է, որ այս տարի մինչ այժմ առնվազն 26 մարդ է սպանվել ճամբարում, որտեղ այս պահին գտնվում մոտ 56,000 մարդ։

Տեղի զինվորական պաշտոնյաներն ասում են, որ այս արշավը պետք է սկսվեր ավելի վաղ, սակայն տարածաշրջանում թուրքական հարձակման հավանականությունն էր ստիպել իրենց սպասել:

Ներքին անվտանգության հարցերով խոսնակ Ալի Հասանն ասում է, թե իրենք այս արշավը սկսել են, քանի որ իրենց բարոյական պարտքն է ազատել խաղաղ բնակիչներին ալ-Հոլ ճամբարի ներսում գործող խմբերից:

Այս արշավը սկսելուց չորս օր անց ճամբարի ներսում ձերբակալվել է Իսլամական պետություն խմբավորման ավելի քան 75 կասկածյալ, առգրավվել է զգալի քանակությամբ զենք և հայտնաբերվել է ԻՊ գրոհայինների կողմից փորված մի քանի թունել:

ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային կոալիցիան տեղեկացնում է, որ աջակցում է տեղական ուժերին ահաբեկչության դեմ պայքարում իրենց շարունակական ջանքերում: Ժողովրդի պաշտպանության ջոկատների քուրդ պաշտոնյաներն էլ բարձր են գնահատում այդ աջակցությունը:

Տեղի իշխանությունների համաձայն, ճամբարում անվտանգությունը, երկրում և նրա սահմաններից դուրս Իսլամական պետություն խմբավորման գրոհայիններին հաղթելու առաքելության կարևոր մասն է:

‘’Ամերիկայի Ձայն’’

XS
SM
MD
LG