Մատչելի հղումներ

 
Թրամփից առգրավված «գաղտնի» փաստաթղթերի շուրջ լսումներ կանցկացվեն հինգշաբթի օրը

Թրամփից առգրավված «գաղտնի» փաստաթղթերի շուրջ լսումներ կանցկացվեն հինգշաբթի օրը


Այս շաբաթ դատարանում կանցկացվեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում առգրավված «գաղտնի» փաստաթղթերը վերանայելու շուրջ լսումներ:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առանձնատանն իրականացվեց խուզարկություն, սկսվեց իրավական պայքար Թրամփի եւ արդարադատության նախարարության միջեւ:

Չնայած Թրամփին ամիսներ շարունակ ուղղված խնդրանքներին, նա շարունակում էր իր մոտ պահել պետական փաստաթղթեր, որոնց մի մասը, ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի, պարունակում են գաղտնի տեղեկություններ: Գործակալները հայտնաբերել են գաղտնի փաստաթղթերի 11 տրցակ, որոնցից մի քանիսը պարունակում են գաղտնի աղբյուրների անուններ:

Թրամփն ու նրա իրավաբանական թիմը խնդրել էին Թրամփի կողմից 2020 թվականին նշանակված դաշնային դատավորին վերանայել առգրավված փաստաթղթերը՝ պարզելու, թե արդյոք Թրամփը կարող է պահանջել գործադիր արտոնություն:

Թրամփն ասում է, որ ինքն այդ փաստաթղթերը հրահանգել էր հանել գաղտնիության ցուցակից դեռեւս նախագահ եղած ժամանակ: Սակայն նրա այս պնդումը մերժում է ներկա նախագահ Ջո Բայդենը:

‘’Ես, որպես նախագահ, կարող էի դա անել’’, ասել է Թրամփը:

Բայդենն ասում է, թե ինքը նույնիսկ չի էլ ցանկանում իմանալ հետաքննության մանրամասները և դրանք թողնում է արդարադատության նախարարությանը։

Սենատոր Բերնի Սանդերսի խոսքերով, պարզապես անհեթեթություն է ունենալ նախկին նախագահ, որն իր հետ իր տուն է տանում գաղտնի փաստաթղթեր’’։

Գաղտնի փաստաթղթերի հարցը քննարկվելու է հինգշաբթի օրը:

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թրամփն արդեն իսկ ունի իրավական հարցերում դեռ մի շարք այլ խնդիրներ: Հիշեցնենք վերջին իրադարձություններից մեկն այն մասին, որ նրա ընտանեկան բիզնեսի նախկին ղեկավարը վերջերս իրեն մեղավոր ճանաչեց հարկերից խուսափելու մեջ:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG