Մատչելի հղումներ

Ռուսաստանը հիպերձայնային հրթիռներով կործանիչներ է տեղակայել Կալինինգրադի մարզում


Ռուս զինվորականները հայտնել են, որ գերձայնային հրթիռներով զինված մարտական ինքնաթիռներ են տեղափոխել Կալինինգրադի մարզ՝ Ուկրաինայում Մոսկվայի գործողությունների պատճառով Արևմուտքի հետ առկա լարվածության պայմաններում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՄիԳ-31 տիպի երեք կործանիչներ՝ զինված «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով, ժամանել են Չկալովսկի ավիաբազա: Նախարարությունից հայտնել են, որ ռազմաօդանավերը կդրվեն շուրջօրյա մարտական պատրաստության մեջ։

Գործակալությունը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են մարտական ինքնաթիռները հասնում բազա: Սակայն տեսանյութում չեն ցուցադրվում հրթիռները: Դրանք, ըստ երեւույթին, առաքվել են առանձին ուղեբեռով:

Կալինինգրադը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամներ Լեհաստանին ու Լիտվային: Եվ այստեղ «Կինժալ» տիպի հրթիռների տեղակայումը հավանաբար նպատակ ունի ցույց տալ ՆԱՏՕ-ի ուժերի դեմ Ռուսաստանի սպառնալիքը:

«Կինժալն», ըստ ռուսական զինված ուժերի, ունի մինչեւ 2000 կիլոմետր հեռահարություն` հավաքելով ձայնի արագությունից տասն անգամ մեծ արագություն, ինչը մեծապես դժվարացնում է դրա չեզոքացումը:

Ռուսաստանն օգտագործել է այդ զինատեսակները Ուկրաինայում մի քանի թիրախներ խոցելու համար։

Կրեմլը շարունակական կերպով հզորացնում է իր ռազմական ուժերը տարածաշրջանում՝ տեղի զորքերին զինելով գերժամանակակից զենքերով, այդ թվում` ճշգրիտ կառավարվող «Իսկանդեր» հրթիռներով և հակաօդային պաշտպանության մի շարք համակարգերով:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իվան Նեչաևի խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները «հստակ կերպով ցույց են տալիս, որ հավաքական Արևմուտքի հետ բախումը միանգամայն իրական է»։

Միաժամանակ նա հավելել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ուղղակի հակամարտությունը չի բխում Ռուսաստանի շահերից։

«Մենք ելնում ենք նրանից, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն տեղյակ են հակառուսական ագրեսիվ հռետորաբանության հետևանքների մասին՝ շեշտը դնելով միջուկային զենքի կիրառման հնարավորության վրա», - ասել է ԱԳՆ խոսնակը։ Նա հայտարարել է, թե Ռուսաստանը կարծում է, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի», մի բան, ինչը տարեսկզբին հաստատել են միջուկային հինգ տերությունները։

Associated Press

XS
SM
MD
LG