Մատչելի հղումներ

Աֆղանստանում մեռնում են սովից, իսկ օգնություն առաքելու ճանապարհին կան մեծ խոչընդոտներ


Մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները դուրս բերեց իր զորքերն ու դիվանագիտական կորպուսն Աֆղանստանից: Սակայն այսօր էլ այն մնում է այս երկրի գլխավոր դոնորը, որը օգնություն տրամադրելուց զատ, ունի պահանջներ թալիբներից:

Իրավապաշտպան կազմակերպությունները և օգնություն առաքող գործակալությունները հայտնում են, որ Աֆղանստանի ժողովրդի համար իրավիճակը աղետալի է: Ոմանք այսօր ստիպված զբաղվում են իրենց օրգանները վաճառելով, որպեսզի կարողանան հոգալ իրենց երեխաների կարիքները:

Իր զորքերն ու դիվանագետներին Աֆղանստանից դուրս բերելուց մեկ տարի անց Միացյալ Նահանգները դեռևս հանդիսանում է այս երկրին մարդասիրական օգնություն տրամադրող ամենամեծ դոնորը:

Ինչպես Human Rights Watch կազմակերպությունից Ֆերեշտա Աբասին է ‘’Սկայպ’’-ի միջոցով ասում, «Համաշխարհային պարենի ծրագրի հրապարակած վերջին վիճակագրության համաձայն՝ Աֆղանստանի բնակչության 90 տոկոսը թալիբների կողմից իշխանությունը վերցնելուց մեկ տարի անց կանգնած է պարենային անապահովության առջեւ: Մարդիկ սովից մահանում են», ասում է նա։

Թալիբները երկուշաբթի օրը նշում էին Քաբուլում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող կառավարությունից իշխանությունը վերցնելու մեկ տարին: Նրանք հայտարարում են, որ ձգտում են ամուր քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունենալ տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրների հետ: Բայց Բայդենի վարչակազմը կասկածի տակ է դնում թալիբներից հավաստիացումները:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ հայտարարել է, թե Բայդենի վարչակազմը մոտ ժամանակներս չի պատրաստվում ԱՄՆ-ում պահվող միջոցները հետ ուղարկել Աֆղանստանի կենտրոնական բանկ, սակայն շարունակում է բանակցություններն այդ ուղղությամբ:

Նեդ Փրայսի խոսքերով, ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում է համոզված լինել, որ այս 3,5 միլիարդ դոլար արժողությամբ պահպանված ակտիվները արդյունավետ կերպով կհասնեն Աֆղանստանի ժողովրդին այնպես, որ դրանք հասանելի չլինեն դիվերսիոն գործողությունների համար:

Փորձագետներն ասում են, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, անշուշտ, պետք է ուժեղացնեն մարդասիրական օգնությունը Աֆղանստանի խաղաղ բնակիչներին: Բայց նրանք նաև կոչ են անում թալիբներին, կանանց իրավունքների վրա ավելի շատ սահմանափակումներ դնելու փոխարեն, վերանայել իրենց առաջնահերթությունները և լուծել մարդկանց հիմնական կարիքները:

XS
SM
MD
LG