Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել հարկային քաղաքականությանը


ԱՄՆ-ի Սենատը կիրակի օրը հավանություն տվեց Դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացված հարկային քաղաքականության, առողջապահության և կլիմայի փոփոխության ծախսերի օրինագծին:

2022 թվականի Գնաճի նվազեցման ակտը ներառում է ավելի քան 300 միլիարդ դոլարի ներդրումներ մաքուր էներգիայի և կլիմայի բարեփոխումների ոլորտում, ինչը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ նման ներդրումն է:

Շաբաթ օրը երեկոյան Վաշինգտոնում Սենատը քվեարկեց այդ միջոցառման քննարկումը սկսելու օգտին: Ինչպես և սպասվում էր, բոլոր դեմոկրատները հավանություն տվեցին: Դեմ էին բոլոր հանրապետականները: Վճռորոշն այս դեպքում երկրի փոխնախագահի ձայնն է: Իսկ Քամալա Հարիսը դեմոկրատների հետ քվեարկեց առաջարկի օգտին:

Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվել են մի քանի շաբաթ, երբ դեմոկրատները դա համարում են առաջընթացի մի միջոց, հանրապետականները պնդում են, որ դա իրականում նշանակում է անխոհեմ ծախսեր:

Ինչպես Սենատի դեմոկրատ անդամներից Քրիս Քունսն է ասում ABC-ի «Այս շաբաթ» հաղորդման ժամանակ,

«Սա կնվազեցնի այն ծախսերը, որոնք հարվածում են ամերիկյան ընտանիքներին: Դեղատոմսով դեղերի ծախսեր, առողջապահական ծախսեր, էներգիայի ծախսեր: Այն կստեղծի ավելի ապահով, կայուն, մաքուր և ավելի մատչելի ապագա ամերիկյան ընտանիքների համար, և թեև առաջին կամ երկրորդ տարում մենք չենք կարող զգալի ազդեցություն ունենալ գնաճի վրա, ֆինանսների նախարարները, ովքեր ծառայել են ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական վարչակազմերում, պաշտպանում են այս օրինագիծը», ասել է նա:

Հանրապետական սենատոր Մայք Ռաունդսի խոսքերով,

«Սովորական ամերիկյան ընտանիքները սովորաբար իրականում տեսնում են դրա ազդեցությունը, երբ նոր հարկեր ենք դնում մեր տնտեսության վրա: Հիմա խոսում են այն մասին, որ դրանք դրվելու են մեծ կորպորացիաների վրա, բայց մեծ կորպորացիաները բարձրացնում են գները: Նրանք փոխանցում են այդ տենդենցը մինչեւ ներքեւ: Այսպիսով, ամերիկացիները շուտով կզգան դրա բացասական ազդեցությունն իրենց գրպանների վրա», ասել է նա:

Ռաունդսի խոսքերով, կլիմայի փոփոխությանն ուղղված փորձարկումներ կատարելու ճիշտ ժամանակը չէ:

Այս ամենը հետևում է աշխատատեղերի մասին վերջերս հրապարակված զեկույցին, որտեղ տեղ գտած փաստերը գերազանցել էին կանխատեսումներին: Ըստ այդ տվյալների, անցյալ ամիս ավելացել է 528 հազար աշխատատեղ՝ վերականգնելով մինչև համաճարակային մակարդակը:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG