Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ձգտում է հարավաֆրիկյան երկրներում դնել ռուսական ազդեցության վերջը


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը այց կկատարի աֆրիկյան երեք երկրներ: Այցի ընթացքում նա ներկայացնելու է Սահարայի անապատից հարավ գտնվող երկրներում Բայդենի վարչակազմի ռազմավարությունը:

Որպես ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Աֆրիկա է պատրաստվում մեկնել արդեն երկրորդ անգամ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նա հանդես է գալու Սահարայից հարավ գտնվող երկրներում Բայդենի վարչակազմի ռազմավարության մասին ելույթով:

Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտից Ջոզեֆ Սենին ասում է, թե Բլինքենի նպատակն է լսել մայրցամաքի մարտահրավերները լուծելու եղանակների մասին Աֆրիկայի երկրների կարծիքը:

Հանդիպումների օրակարգում, ամենայն հավանականությամբ, կլինեն պարենային անապահովությունը, ագրոբիզնեսը և տարածաշրջանի մեծ թվով երիտասարդների առջեւ ծառացած խնդիրները: Հանդիպումներում կկենտրոնանան նաեւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում սկսված վերջին մարտերի վրա, որոնց արդյունքում մեծապես սրվել է լարվածությունը Ռուանդայի հետ:

Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին Skype-ի միջոցով Human Rights Watch-ից Նիքոլ Վիդերշայմն է ասում, ‘’Բռնություններն աճել են, խաղաղ բնակիչներ են սպանվում: Եվ մենք ուզում ենք տեսնել, որ ԱՄՆ-ի կառավարությունը Ռուանդայից և Ուգանդայից ստանա բռնություն հրահրող M-23 անվանումը կրող ուժերին իրենց աջակցությունից զրկելու խոստումներ’’:

Կինշասայի և Կիգալիի ղեկավարների հետ շփումը ճիշտ քայլ է, ասում է Մայքլ Օ'Հենլոնը Բրուքինգսի ինստիտուտից: ‘’Կարծում եմ, չափազանց կարեւոր է, որ Բլինքենը կարողանա ապացուցել, որ Ամերիկայի աջակցությունը յուրաքանչյուր երկրին մասամբ կախված կլինի նրանց ժողովրդավարական և մարդու իրավունքների բարելավումից, ինչպես նաև հակակոռուպցիոն ջանքերից ու քրեական աշխարհի դեմ պայքարից’’, ասում է նա:

Բլինքենի այցը տեղի է ունենում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից Աֆրիկա կատարած շրջագայությունից հետո, որը հացահատիկի պակասի և պարենային սուր անապահովության համար մեղադրում է Արեւմուտքին` Մոսկվայի դեմ սկսած պատժամիջոցների, այլ ոչ թե Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարած ներխուժման համար:

Ռուսաստանն ի դեպ, Աֆրիկայի երկրների հասարակական կարծիքի վրա ունի ավելի մեծ ազդեցություն, քան Արեւմուտքը, որի պատճառը ռուսական ապատեղեկատվության քարոզարշավն է: Այսպես է դա բացատրում Ջոզեֆ Սանին ու հայտնում կարծիք, որ Միացյալ Նահանգների և Արևմուտքի համար կարևոր է զարգացնել իրենց դերն Աֆրիկայում, մեծացնել այստեղ իրազեկումը, այսպիսով պայքարել ռուսական ապատեղեկատվության դեմ:

Սենին ասում է, որ պետքարտուղար Բլինքենն այս հարցի շուրջ խոսելու է մի քանի հանդիպումների ընթացքում` հավանաբար դնելով հակառուսական արշավի հիմքերն Աֆրիկայում:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG