Մատչելի հղումներ

Դմիտրի Մեդվեդևի օգնականը պարզաբանել է ԽՍՀՄ-ի սահմանների վերականգնման մասին նրա էջում հրապարակված գրառումը 


Հայտնի չէ, թե որքան ժամանակ է Մեդվեդևի անունից հրապարակված գրառումը մնացել էջում

ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի օգնական Օլեգ Օսիպովը պարզաբանել է, որ «VKontakte» սոցիալական կայքում նախկին նախագահի էջը կոտրել էին և հրապարակել խոստում վերականգնելու ԽՍՀՄ-ի սահմանները։

«Գրառման հեղինակների ինքնությունը կփորձի պարզել «VK»-ի աշխատակիցները», - գրում է ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը։

Մեդվեդևի անունից այդ գրառման սքրինշոթը օգոստոսի 1-ի երեկոյան հայտնվել է լրագրող և նախագահի նախկին թեկնածու Քսենյա Սոբչակի «Telegram»-ի էջում, ինչից հետո արագ տարածում է գտել ամբողջ համացանցում։ Տեքստում երևում է, թե ինչպես է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի անունից խոսք տրվում կազմակերպել «հայրենիքի սահմանների վերականգնման հերթական արշավ»:

Մեդվեդևի այդ գրառման մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը «կազատագրի Մալոռոսսիան», որից հետո կվերադարձնի իրենցից «վերցված հողերը»։ Աշխարհի միայն մի քանի երկրների կողմից ճանաչված Աբխազիան և Հարավային Օսիան առաջարկվում էր վերամիավորվել Վրաստանի հետ «որպես Ռուսաստանի հետ մեկ պետության մաս»: Պահանջներ էր արվում նաև Ղազախստանի տարածքի հանդեպ:

Հայտնի չէ, թե որքան ժամանակ է Մեդվեդևի անունից հրապարակված գրառումը մնացել էջում: Գրառումը չի երևացել նրա այլ սոցիալական ցանցերում: Մեդվեդևը, ով իր նախագահական տարիներին ձևավորել էր լիբերալ քաղաքական գործչի կերպար, կտրուկ խստացրել է իր հռետորաբանությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր: Նա այժմ պարբերաբար հանդես է գալիս ագրեսիվ և պատերազմամետ դիրքորոշումներով:

Հարկ է նշել, որ երկար տարիներ նա Ռուսաստանում միակ բարձրաստիճան քաղաքական գործիչն էր, ով բացահայտ քննադատում էր ԽՍՀՄ-ը։ «VKontakte»-ում իր անունից արված գրառման մեջ Խորհրդային Միությունը նկարագրված էր որպես «մեծ և հզոր» մի տերություն, որի սահմանների վերականգնումից հետո «բոլոր ժողովուրդները կրկին միասին կապրեն բարեկամության և փոխըմբռնման մեջ»։

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG