ԱՄՆ-ում կապկի ծաղիկ համաճարակի դեմ իրականացվող միջոցառումները բավարար չեն եղել դրա տարածման արագությունը մեղմելու համար:
Սան Ֆրանցիսկոյում հարյուրավոր բնակիչներ երկուշաբթի օրը մի քանի ժամ հերթ են կանգնել հիվանդության դեմ պատվաստում ստանալու համար:
Ինչպես տեղի բնակիչներն են ասում, այս հիվանդության դեպքերն այնքան են շատացել, որ Սան Ֆրանցիսկոն արտակարգ իրավիճակ է հայտարարել քաղաքում:
Սան Ֆրանցիսկոյի Զուքերբերգի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դոկտոր Լյուքջոն Դեյի խոսքերով, «Սան Ֆրանցիսկոյում այսօր ունենք մոտ 305 դեպք: Մենք պատվաստանյութերի նոր առաքում ենք ստացել ուրբաթ օրը՝ մոտ 4000 չափաբաժին: Հույս ունենք, որ մինչեւ այս շաբաթավերջ կիրականացնենք այդ չափով պատվաստումներ’’:
Չնայած պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրներին և անհանգստություններին, որ ԱՄՆ-ը բաց է թողել վիրուսի տարածումը կանխելու ժամանակահատվածը, դաշնային կառավարության պաշտոնյաներն ասում են, որ երկրում կապկի ծաղիկ հիվանդության բռնկումը դեռ կարելի է կանգնեցնել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհի ավելի քան 70 երկրներում կապկի ծաղիկի բռնկումն անցած շաբաթավերջին հայտարարեց համաշխարհային արտակարգ իրավիճակ։