Մատչելի հղումներ

Փելոսին այցելում է Սինգապուր, երբ հաստատված չէ դեպի Թայվան նրա թռիչքը


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երկուշաբթի օրը երկօրյա այցով ժամանեց Սինգապուր: Դեռեւս պարզ չէ, թե արդյոք նրա գլխավորած պատվիրակությունն ասիական այցի շրջանակներում կմեկնի նաեւ Թայվան, թե ոչ: Այս մասին չի խոսել նաեւ Փելոսին, որն ավելի վաղ հայտնել էր Սինգապուր, Մալայզիա, Հարավային Կորեա և Ճապոնիա կատարելիք այցի ընթացքում նաեւ Թայվան մեկնելու մտադրության մասին: Հիշեցնենք, որ այցի հնարավորության մասին նրա նախնական հայտարարությունից հետո Չինաստանը հանդես էր եկել խիստ խոսքերով, ու պնդել, որ Թայվանն իր անբաժան մասնիկն է:

Եթե Փելոսին ի վերջո մեկնի Թայվան, դա կլինի ԱՄՆ-ի կողմից ամենաբարձր մակարդակի այցն այստեղ 1997 թվականից ի վեր, երբ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչի գլխավորած պատվիրակությունն էր այց կատարել այս երկիր:

Թայվանը և Չինաստանը բաժանվել են միմյանցից 1949 թվականին քաղաքացիական պատերազմից հետո, երբ պարտված ազգայնական ուժերն ապաստան գտան Թայվանում եւ այստեղ հիմնեցին կառավարություն, որը հետագայում վերածվեց կենսունակ ժողովրդավարության:

Այդ ժամանակից ի վեր Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը խոստացել է գրավել Թայվանը՝ անհրաժեշտության դեպքում ուժ կիրառելով, թեև կղզին երբեք չի ղեկավարվել Կոմունիստական կուսակցության կողմից:

Չինաստանի ղեկավարները կտրականապես դեմ են Թայվանի կառավարության նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությանը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում Չինաստանի նախագահ Սի Ծինպինն անցած հինգշաբթի օրը կոպիտ նախազգուշացումով էր հանդես եկել, ասելով, որ «նրանք, ովքեր խաղում են կրակի հետ, կկործանվեն այդ կրակի մեջ»:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև խոստացել էր, որ Պեկինը «խստորեն կգործի» և «հակամիջոցներ կձեռնարկի»՝ ի պատասխան Փելոսիի այցի:

Չինաստանը շաբաթ օրը հայտարարեց, որ «մարտական զենքերով» զորավարժություններ է անցկացնում Թայվանի ուղղությամբ նայող իր ափերի մոտ: Չի նշվում, թե զորավարժությունների ընթացքում ինչ զինատեսակներ են կիրառվել։

Կիրակի օրը Չինաստանի ռազմաօդային ուժերի խոսնակն ասել է, որ Պեկինն ունի «ամուր կամք» և «բավարար հնարավորություններ` պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»: Խոսնակը, որին մեջբերել են պետական լրատվամիջոցները, նաև ասել է, որ Չինաստանն ունի տարբեր տիպի կործանիչներ, որոնք կարող են օղակի մեջ առնել «մեր հայրենիքի թանկագին կղզին»:

Վերջին տարիներին Չինաստանը հաճախ է թռիչքներ իրականացնում Թայվանի ինքնահռչակ ՀՕՊ նույնականացման գոտու միջով, ինչի հետեւանքով ավելի է մեծանում լարվածությունը Թայվանի նեղուցում:

Վերջին շաբաթների ընթացքում չինական պետական լրատվամիջոցների խմբագրականները հաճախ են նախազգուշացնում, որ չինական կործանիչները կարող են հետապբնդել և որսալ Փելոսիի ինքնաթիռը:

Հու Սիջինը, որը Կոմունիստական կուսակցության Global Times-ի մոլի ազգայնական մեկնաբանն է, նույնիսկ իր թվիթում ասել է, թե չինացի զինվորականներն ունեն Փելոսիին Թայվան ճանապարհորդող կամ ուղեկցող ԱՄՆ-ի ցանկացած ինքնաթիռ բռնի ուժով հետ ուղեկցելու իրավունք:

«Եթե դա չի ստացվում, ապա ոչնչացրեք դրանք», - ասել է Հուն թվիթում: Նրա այս գրառումն ավելի ուշ հանվել է կայքից, քանի որ այն խախտում է Twitter-ի ուղեցույցները:

Չնայած Չինաստանի նախազգուշացումներին, ԱՄՆ-ի մեծ թվով կոնգրեսականներ հորդորել են Փելոսիին չհրաժարվել իր ծրագրից, ասելով, թե Չինաստանը չպետք է ունենա ԱՄՆ-ի պաշտոնական այցերը որոշելու իրավունք:

Թայվանը լարվածության ամենավտանգավոր կետերից մեկն է ԱՄՆ-ի և Չինաստանի հետզհետե լարված հարաբերություններում: Միացյալ Նահանգները պաշտոնական հարաբերությունները Թայվանի հետ խզել է 1979 թվականին, երբ որպես Չինաստան ճանաչեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները շարունակեց եւ շարունակում է զենք մատակարարել Թայվանին:

ԱՄՆ-ի նախագահները երկար ժամանակ է, որ Թայվանի նկատմամբ կիրառում են «ռազմավարական երկիմաստության» քաղաքականություն, ըստ էության չներկայացնելով Թայվանին պաշտպանելու որեւէ միջոց, այն դեպքում, եթե Չինաստանը որոշի իրականացնել ներխուժում Թայվանում:

Պաշտոնը ստանձնելուց ի վեր Բայդենը երեք անգամ ասել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Թայվանի պաշտպանությանը: Սակայն Փելոսիի այցի հեռանկարի հարցում ցուցաբերել է զգուշավորություն: Նա հայտարարել է, թե ԱՄՆ-ի զինվորականները չեն կարծում, որ այցը լավ գաղափար կլինի:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին ուրբաթ օրն ասել է, որ «ոչ մի պատճառ» չկա Չինաստանի հետ լարվածության աճի համար, քանի որ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել:

Քըրբին կրկնել է, որ Փելոսին «ուղևորության համար հավանություն ստանալու, կամ վարչակազմի կողմից մերժում ստանալու կարիք չունի: Նա հավելել է, որ «Ներկայացուցիչների պալատի նախագահն ունի ռազմական ինքնաթիռով ճանապարհորդելու իրավունք»:

Այս պահին լարված քննարկումները շարունակվում են այն մասին, որ Փելոսին ի վերջո կարող է այց կատարել ինքնավար կղզի:

Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Փելոսին Թվիթերում գրել է, որ Կոնգրեսի վեց հոգանոց պատվիրակության շրջագայությունը ձգտելու է «վերահաստատել տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներին և բարեկամներին Ամերիկայի անսասան նվիրվածությունը»:

XS
SM
MD
LG