Չնայած որոշ բարելավումների՝  ՀՀ-ի ներդրումային ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ. ԱՄՆ պետքարտուղարություն

Ըստ պետքարտուղարության զեկույցի՝ Հայաստանի փոքր շուկան, շրջափակումը, օրենքի գերակայության և դատական համակարգի թերություններն ու կոռուպցիան հիմնական խոչընդոտներն են ՀՀ-ում ներդրումներ խրախուսելու համար

Հայաստանում ներդրողների համար առկա են բազմազան հնարավորություններ, իսկ երկրի օրենսդրական դաշտը և կառավարության քաղաքականությունը նպատակ ունեն ներգրավել նոր ներդրումներ, սակայն ներդրումային միջավայրն այստեղ զերծ չէ մարտահրավերներից, ասված է ԱՄՆ պետքարտուղարոության այս տարվա Ներդրումային մթնոլորտի մասին զեկույցի Հայաստանին վերաբերոող հատվածում։ Ըստ պետքարտուղարության՝ ներդրումների խոչընդոտների թվում են Հայաստանի փոքր շուկան, աշխարհագրական մեկուսացումը Թուրքիայի և Ադրբեջանի փակ սահմանների պատճառով, օրենքի գերակայության և դատական համակարգի ոլոորտում առկա թերությունները և կոռուպցիոն ժառանգությունը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը, ըստ պետքարտուղարության, մեծ չէ։

Զեկույցի պնդմամբ՝ բիզնեսի գրանցման ընթացակարգը Հայաստանում հիմնականում պարզեցված է: Պետքարտուղարությունը մատնանշում է օտարերկրյա ընկերությունների գնահատականները, ըստ որոնց՝ ընդունված կանոնակարգերը, քաղաքականությունը և օրենքները երբեմն խնդրահարույց են առանցքային հաստատությունների անկախության, կարողությունների կամ արհեստավարժության բացակայության պատճառով, հատկապես՝ դատական համակարգում:

Ըստ զեկույցի՝ անհրաժեշտ է ինստիտուցիոնալիզացնել երկարաժամկետում կոռուպցիայի դեմ պայքարը, հատկապես այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են դատական համակարգը, հարկային և մաքսային վարչարարությունը, առողջապահության, կրթության, ռազմական և իրավապահ ոլորտները: Ամերիկյան և այլ օտարերկրյա ներդրողներին մտահոգում է անկախ և ուժեղ դատական համակարգի բացակայությունը, որը խաթարում է կառավարության երաշխիքները հավասար պայմանների և թափանցիկության վերաբերյալ: Բացի այդ, ներդրողներին մտահոգում է մասնավոր հատվածի ու կառավարության միջև երկխոսության որակն ու կառավարության խնդիրներին արձագանքելու կարողությունը:

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը բացահայտում է Հայաստանում  հիմնական խոչընդոտները ներդրումների համար

No media source currently available

Անդրադառնալով Հայաստանում ամերիկյան ներդրումներին՝ պետքարտուղարությունն ընդգծում է, որ Հայաստանում առկա են ամերիկյան զգալի թվով ներդրումային նախագծեր, որոնցից առավել ուշագրավ են ContourGlobal-ի Որոտանի հիդրոէլեկտրականն ու «Լիդիան» ընկերության գործունեությունը ոսկու խոշոր հանքավայրի շահագործման ուղղությամբ:

Պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև չկա ազատ առևտրի համաձայնագիր, սակայն 2015 թվականի մայիսին Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է Առևտրի և ներդրումների մասին շրջանակային պայմանագիր (TIFA), որը ձևավորեց ԱՄՆ-Հայաստան Առևտրի և ներդրումների խորհուրդ՝ երկկողմ առևտրային, ներդրումային և հարակից այլ հարցեր քննարկելու և այս ոլորտներում կողմերի միջև կապերն ամրապնդելոու համար:

Ըստ պետքարտուղարության՝ Հայաստանը չի ճանաչում Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև ստորագրված կրկնակի հարկման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1976 թվականին, իսկ Միացյալ Նահանգները Հայաստանին համարում է այս պայմանագրի կողմ իրավահաջորդության ուժի և Հայաստանի կողմից նախկին ԽՍՀՄ միջազգային պայմանագրային պարտավորությունների կատարման հանձնառության հիման վրա:

Այսպիսով, պետքարտուղարության զեկույցն ընդգծում է՝ չնայած որոշ ոլորտների բարելավումներին, որոնք մեծացնում են Հայաստանի գրավչությունը ներդրումների համար, ներդրողները պնդում են, որ բազմաթիվ խնդիրներ դեռևս մնում են և պետք է կարգավորվեն՝ թափանցիկ, արդար և կանխատեսելի բիզնես միջավայր ապահովելու համար:

2022 թ. ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը «կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը երկրում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը ներկայումս գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ»: Նշվում է նաև, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքը երկիր։

Պետքարտուղարության գնահատմամբ Ադրբեջանում ընդհանուր ներդրումային միջավայրը շարունակում է բարելավվել, թեև առկա են զգալի մարտահրավերներ։ Ադրբեջանի կառավարությունը ձգտում է ներգրավել օտարերկրյա ներդրումներ, բարեփոխումներ իրականացնել՝ իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և մասնավոր հատվածի աճը խթանելու համար, սակայն երկրի տնտեսությունը շարունակում է մեծապես կախված լինել նավթի և գազի արդյունահանումից, որը կազմում է արտահանման եկամուտների մոտավորապես 88 տոկոսը և պետական բյուջեի կեսից ավելին:

Չնայած բիզնես միջավայրը բարելավելու զգալի ջանքերին, առաջընթացը դանդաղ է գնում կառուցվածքային բարեփոխումների ոլորտում, որոնք անհրաժեշտ են դիվերսիֆիկացված և մրցունակ մասնավոր հատված ստեղծելու համար, ասված է զեկույցում: Կոռուպցիան շարունակում է մնալ հիմնական մարտահրավեր Ադրբեջանում գործող ընկերությունների համար: Կառավարության հետ կապված հոլդինգային ընկերությունների մի փոքր խումբ գերիշխում է տնտեսության մեջ, մտավոր սեփականության իրավունքների կիրառումը բարելավվում է, բայց մնում է անբավարար մակարդակի, իսկ դատական թափանցիկությունը բացակայում է, նշում է զեկոււյցը:

Հայաստանի հարևան Վրաստանի ներդրումային միջավայրի կապակցությամբ զեկույցն ընդգծում է, որ Վրաստանը, գտնվելով Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի խաչմերուկում, «փոքր, բայց բաց շուկա է», որը զգալի օգուտներ է քաղում միջազգային առևտրից, զբոսաշրջությունից և տրանսպորտից: Ըստ պետքարտուղարության՝ չնայած որոշակի գլոբալ և տարածաշրջանային ցնցոմների՝ երկիրը 1991 թվականից ի վեր կատարել է լայնածավալ տնտեսական բարեփոխումներ, որոնք ձևավորել են համեմատաբար լավ գործող և կայուն շուկայական տնտեսություն: «Ընդհանուր առմամբ, գործարար և ներդրումային պայմանները Վրաստանում լավ են, նշում է պետքարտուղարությունը: Սակայն աճում է անվստահությունը դատական սեկտորի հանդեպ: Բացի այդ, որոշ ընկերություններ բողոքում են մունիցիպալ իշխանությունների որոշումների կայացման անարդյունավետության, մտավոր սեփականության իրավունքների կիրառման ոլորտում առկա թերությունների, արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության բացակայության, քաղաքական միջամտության, օրենքների ընտրովի կիրառման վերաբերյալ: Չնայած այս մարտահրավերներին, սակայն, ըստ պետքարտուղարության՝ որպես բիզնես վարելու լավ վայր, Վրաստանը առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում:

XS
SM
MD
LG