Մատչելի հղումներ

Ռուսաստանը պնդում է, որ ուկրաինական կողմից հրետակոծության հետևանքով ուկրաինացի 40 ռազմագերի է զոհվել


Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատականներն ասում են, թե Ուկրաինայի արևելքում ուկրաինական կողմի հրետակոծության հետևանքով զոհվել է ուկրաինացի առնվազն 40 ռազմագերի, որոնք գերեվարվել էին Մարիուպոլի համար մղված մարտերի ժամանակ: Անջատողականները հայտնել են նաեւ, որ վիրավորվել է առնվազն 75 գերի։

Ուկրաինացի ռազմագերիները, ըստ նույն աղբյուրի, եղել են նրանց թվում, ովքեր ապաստանել էին Մարիուպոլի «Ազովստալ» պողպատի գործարանում: Հիշեցնենք, որ նրանք այստեղ կարողացել էին մոտ երեք ամիս հետ պահել ռուսական զորքերի առաջխաղացումը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը Twitter-ում իր հետախուզական լուրերի մեջ հայտնել է, որ Ռուսաստանը, «որպես էական փոփոխություն», առաջնագծում իր վարած գործունեության մի մասի պատասխանատվությունը փոխանցում է «Վագներ գրուպ» ռուսական մասնավոր ռազմական ընկերությանը:

Ըստ նույն գրառման, այս քայլը Ռուսաստանին կանգնեցնում է նման ընկերությունների և ռուսական պետության միջև կապերը հերքելու դժվարությունների առջեւ: Ըստ բրիտանական նախարարության, սակայն, Ռուսաստանն այս քայլին է գնում, քանի որ ‘’հավանաբար ունի մարտական հետևակի մեծ պակաս’’:

«Մարտ ամսից ի վեր ռուսական մասնավոր ռազմական ընկերությունը` «Վագներ գրուպը» գործում է արևելյան Ուկրաինայում՝ համաձայնեցնելով իր գործողությունները ռուս զինվորականների հետ»,- գրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ «Վագներին, ամենայն հավանականությամբ, վերապահվել է առաջնագծի որոշակի հատվածների պատասխանատվությունը», ասված է գրառման մեջ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի օրն իր ամենօրյա ուղերձում ասել է. «Աշխարհում ոչ ոք ավելի շատ ներդրումներ չի անում ահաբեկչության մեջ, որքան Ռուսաստանը»:

Նրա խոսքերով. «Սա իսկապես իրավական արձագանքի կարիք ունի համաշխարհային մակարդակով: Եվ չկա ռացիոնալ պատճառ, թե ինչու նման արձագանք չպետք է տեղի ունենա, մասնավորապես ԱՄՆ-ում»։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկացի սենատորներին, որոնք «միաձայն հավանություն են տվել այն բանաձեւին, որը կոչ է անում ԱՄՆ- ի Պետդեպարտամենտին ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն»։ Նման որոշման դեպքում Ռուսաստանը կմիանա Կուբային, Հյուսիսային Կորեային, Իրանին և Սիրիային։

Շաբաթների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը հինգշաբթի օրը հրթիռային հարվածներ հասցրեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և հյուսիսային Չեռնիգովի շրջանների դեմ: Ուկրաինան պնդում է, որ դա իր կողմից ցուցաբերվող դիմադրության նկատմամբ Մոսկվայի վրեժի արտահայտությունն է:

Ռուսաստանը Կիևի շրջանի դեմ հարձակումն իրականացրել է Սև ծովից արձակված 6 հրթիռներով, ինչի հետևանքով վիրավորվել է 15 մարդ: Նրանցից հինգը խաղաղ բնակիչներ են, հայտնել է շրջանի ղեկավարը։ Ուկրաինան հայտարարել է, որ խոցել է հրթիռներից մեկը, սակայն Մոսկվայի ուժերը հարվածել են մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Լյուտիժ գյուղի ռազմական համալիրին՝ ավերելով մեկ շենք և վնասելով ևս երկուսը:

Չեռնիգովի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Չաուսը հայտնել է, որ Ռուսաստանը նաեւ հարեւան Բելառուսից է հրթիռներ արձակել` դրանք ուղղելով դեպի Հոնչարիվսկա գյուղը։ Չեռնիգովի շրջանն արդեն մի քանի շաբաթ հարձակումների չէր ենթարկվում:

Ռուսաստանը ամիսներ առաջ էր իր զորքերը հետ քաշել Կիևի և Չեռնիգովի տարածքներից այն բանից հետո, երբ ի զորու չեղավ այստեղ գրավել որևէ շրջան կամ տապալել Զելենսկիի կառավարությունը:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Ուկրաինան հայտարարել է, որ հարձակում է սկսել Խերսոնի շրջանը վերագրավելու համար:

Ուկրաինական լրատվամիջոցները մեջբերում են Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեքսի Արեստովիչին, որն ասել է, թե Կիևի ուժերը ծրագրում են մեկուսացնել ռուսական զորքերին և թողնել նրանց երեք տարբերակ՝ «հնարավորության դեպքում նահանջել, հանձնվել կամ ոչնչացվել»:

Իսկ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը զգուշացրել է, որ ռուսները մեծացնում են իրենց ուժերը Խերսոնի շրջանում:

Բրիտանացի զինվորականները տեղեկացնում են, որ ուկրաինական կողմը Դնեպր գետի վրա առնվազն երեք կամուրջ կործանելու նպատակով կիրառել է Արևմուտքի կողմից հատկացված հեռահար հրետանի: Այս կամուրջներով է Ռուսաստանն ապահովում իր զորքերի մատակարարումները:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ամենօրյա զեկույցում ասված է, որ Խերսոն քաղաքը «այժմ գործնականում կտրված է օկուպացված մյուս տարածքներից»:

Ռուս պաշտոնյաները հայտնել են, որ իրենց ուժերը կօգտագործեն այլ ուղիներ՝ վնասված կամուրջներով տարածքները հատելու համար, այդ թվում՝ կամրջանավերով և լաստանավերով:

Զելենսկիի խորհրդական Արեստովիչը խոստովանել է, որ ռուսական ուժերը գրավել են Ուկրաինայի երկրորդ ամենամեծ էլեկտրակայանը։ Նա այդ զարգացումը համարում է ռուսների համար միայն «մարտավարական փոքր առավելություն»։

Նյութը կազմված է The Associated Press և Reuters գործակալություններից ստացված հաղորդագրությունների հիման վրա:

XS
SM
MD
LG