Մատչելի հղումներ

Լավրովն Աֆրիկայում փորձում է ապացուցել, որ հացահատիկի մատակարարումները դադարեցնելու գործում մեղավոր է Կիեւը


Ուկրաինական և ռուսական հացահատիկի բեռնափոխադրումներիը վերսկսելու հարցն է եղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աֆրիկյան շրջագայության քննարկումների կենտրոնում:

Ինչպես Կոնգոյի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Կլոդ Գակոսոն է ասել, իրենք շատ ուրախ են, որ Լավրովն այց է կատարում լավ նորություններով:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարած ներխուժումը եւ ուկրաինական նավահանգիստների շրջափակումը խափանել են հացահատիկի առաքումները, ինչի արդյունքում միլիոնավոր տոննա հացահատիկ մնացել է պահեստներում ու դաշտերում` առաջացնելով համաշխարհային գների աճ: Միավորված ազգերի կազմակերպությունն ասում է, որ սովի առջեւ կանգնած մարդկանց թիվն ավելացել է եւս 47 միլիոնով, որոնց մեծ մասը` աֆրիկյան երկրներում:

Լավրովն աֆրիկյան իր շրջագայությունը սկսել է Եգիպտոսում` հայտարարելով, որ ռուսական հացահատիկի մատակարարումների իրենց պատվերները կկատարվեն, և այս իրավիճակի մեջ մեղադրել է Արեւմուտքին` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ շաբաթ օրը Ռուսաստանի կողմից Օդեսայի ռմբակոծումը վտանգի տակ է դնում անցյալ շաբաթ ՄԱԿ-ի միջնորդությամբ Ստամբուլում կնքված հացահատիկի գործարքը: Նրա խոսքերով, Մոսկվան միշտ էլ գտնում է իր խոստումներից հրաժարվելու ճանապարհ:

Լավրովն ասել է, որ Օդեսայի ռմբակոծումը չի ազդի հացահատիկի մատակարարումների վրա:

Փորձագետներից Նատալյա Բուգայովան «Ամերիկայի Ձայն»-ի հետ ‘’Սկայպ’’-ի միջոցով հարցազրույցում ասում է, որ Լավրովը Եգիպտոս, Կոնգո, Ուգանդա և Եթովպիա կատարած այցի ընթացքում նպատակ ունի ձևավորել պարենային ճգնաժամի մասին իր պատմությունը:

«Ռուսաստանը փորձում է ուկրաինական հացահատիկի արտահանման արգելքը կեղծ բացատրություններով կապել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ, եւ այս ամենի մեջ մեղադրել Ուկրաինային», ասում է նա։

Միացյալ Նահանգների Խաղաղության հաստատությունից վերլուծաբան Սյուզան Ստիգանտն էլ ասում է, թե Աֆրիկային ծանր հարված են հասցրել ներխուժման հետևանքով հացահատիկի մատակարարման խափանումները: Նրա խոսքերով, Աֆրիկան իր հացահատիկի պահանջարկի 40 տոկոսով կախյալ է Ռուսաստանից, երբ աշխարհի չմշակված հողերի մոտ 60 տոկոսը գտնվում է Աֆրիկայում:

Մինչ Ռուսաստանը մեկուսացված է Արևմուտքում, Սերգեյ Լավրովի համար կարմիր գորգ են փռում Աֆրիկայում: Այց, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանը դեռևս ունի Արեւմուտքին մարտահրավել նետելու դիվանագիտական ինչ որ լծակներ: Սա այն դեպքում, երբ Աֆրիկայի երկրների մեծ մասը մարտ ամսին քվեարկել էին ռուսական ‘’ագրեսիան’’ դատապարտող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի օգտին՝ պահանջելով ռուսական ուժերի դուրս բերումն Ուկրաինայի տարածքից:

XS
SM
MD
LG