Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը կհրապարակվի սեպտեմբերի 5-ին


Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար են այժմ պայքարում նախկին կանցլեր Ռիշի Սունակը և ներկայիս արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը: Հիշեցնենք, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական էր ներկայացրել այս ամսվա սկզբին: Պահպանողական կուսակցության 200 հազարից պակաս թվով անդամներ կմասնակցեն քվեարկությանը:

Ներքին հարցերի մեջ գերակշիռ մասը կազմում են հարկերը և գնաճը: Արտաքին քաղաքականության մեջ հիմնական հարցը Չինաստանն է: Հեռուստատեսային վերջին բանավեճի ժամանակ Թրուսն ասաց, որ ճնշումներ է բանեցնելու չինական այնպիսի ընկերությունների վրա, ինչպիսին է TikTok-ը:

«Մենք պետք է սահմանափակենք ավտորիտար վարչակարգերի հասցեներով տեխնոլոգիաների արտահանման ծավալները», ասել է նա:

«Սինժանգ նահանգում մարդու իրավունքների ոտնահարումները, Հոնկոնգում սարսափելի գործողությունները և Ուկրաինայի դեմ սարսափելի պատերազմում Ռուսաստանին աջակցելու հանգամանքը մեզ ստիպում են որդեգրել ավելի կոշտ դիրքորոշում ընդդեմ Պեկինի», հավելել է Թրուսը:

Նրա մրցակից Ռիշի Սունակը Չինաստանը ներքին և համաշխարհային անվտանգության համար անվանել է «թիվ մեկ սպառնալիք»: Նա խոստանում է վարչապետ ընտրվելու դեպքում պաշտպանել Մեծ Բրիտանիայի շահերը, արժեքներն ու ապահովել անվտանգությունը:

Պեկինը քննադատել է Մեծ Բրիտանիայի ղեկավարի ընտրության ընթացքում անցկացվող բանավեճերում կիրառվող լեզուն։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Կցանկանայի բրիտանացի քաղաքական որոշ գործիչների կոչ անել Չինաստանը չդարձնել խնդիր, ոչ էլ հորինել Չինաստանի այսպես կոչված սպառնալիքի մասին պատմություններ»:

Մեծ Բրիտանիան իր նոր վարչպետի անունը կիմանա սեպտեմբերի 5-ին։

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG