Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփի դեմ դեռեւս հավաքվում են նրան մեղադրող փաստեր



Հունվարի 6-ի հարցով կոնգրեսական հանձնաժողովը հինգշաբթի օրն ավարտեց հանրային լսումների առաջին փուլը՝ րոպե առ րոպե ուսումնասիրելով Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները ։
Հունվարի 6-ի հարցով կոնգրեսական հանձնաժողովը հինգշաբթի օրն ավարտեց հանրային լսումների առաջին փուլը՝ րոպե առ րոպե ուսումնասիրելով Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները ։

Հունվարի 6-ի իրադարձությունները եւ այդ ընթացքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններն ու հայտարարություններն ուսումնասիրող կոնգրեսական հանձնաժողովի անդամներն ամառային վերջին լսումների ժամանակ պնդում էին, որ Թրամփը ոչ միայն չի փորձել արգելել հարձակումն ընդդեմ ԱՄՆ-ի Կապիտոլիումի, այլև շարունակել է ակտիվորեն խրախուսել անկարգությունները, նպատակ ունենալով այդպիսով տապալել նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչպես հանրապետական կոնգրեսական Ադամ Քինզինջերն է ասում,

«Ամբոխը իրականացնում էր նախագահ Թրամփի նպատակը։ 187 րոպե նախագահը նախընտրել էր չմիջամտել’’:

Թրամփը քննադատել է հանձնաժողովի աշխատանքը՝ այն անվանելով անհավասարակշիռ և անարդար։ Բայց հինգշաբթի օրը նրա խորհրդականները, ովքեր հրաժարական էին տվել Կապիտոլիումի հարձակման պատճառով, վկայեցին, որ նա այդ օրը չէր ցանկանում դադարեցնել բռնությունը, երբ Սպիտակ տանը դիտում էր հարձակումը հեռուստացույցով:

Ինչպես Սպիտակ տան մամլո քարտուղարի նախկին տեղակալ Սառա Մեթյուսն ասաց, «Եթե նախագահը ցանկանար հայտարարություն անել և դիմել Ամերիկայի ժողովրդին, նա կարող էր անմիջապես հայտնվել տեսախցիկների առջև»:

Փոխարենը Թրամփն իր դժգոհությունն է հայտնել իր փոխնախագահ Մայք Փենսից՝ ընտրությունների արդյունքները չչեղարկելու համար։

Սպիտակ տան խորհրդականները ձայնագրված վկայություններում ասում են, որ Թրամփը սկսված հարձակումը կանխելու նպատակով ոչ մի ջանք չի գործադրել զինվորական հրամանատարներին կամ իրավապահ մյուս մարմինների ղեկավարներին կանչելու համար:

Կոնգրեսական Էլեյն Լորիայի խոսքերով, «Նախագահ Թրամփն իր ժամանակն անցկացրել է ճաշասենյակում։ Այնուհետեւ հրավիրել է սենատորներին, նրանց խրախուսելու համար հետաձգել հավաստագրումը»:

Նույնիսկ հարձակումների հաջորդ օրը Թրամփը դժկամությամբ էր դատապարտում բռնությունները:

«Չեմ ուզում ասել, որ ընտրություններն ավարտվել են։ Պարզապես ուզում եմ ասել, որ Կոնգրեսը վավերացրել է արդյունքները՝ առանց հայտարարելու, որ ընտրություններն ավարտված են: Այսքանը»: Ահա սա էր այն հայտարարությունը, որով հանդես եկավ Թրամփը բռնությունների հաջորդ օրը:

Հանձնաժողովն ակնկալում էր ավարտել իր հետաքննությունը հինգշաբթի օրն անցկացված լսումներով, սակայն հանձնաժողովի փոխնախագահ Լիզ Չեյնին հայտարարեց, որ դեռևս նոր տեղեկություններ են ստացվում, որոնք կերկարաձգեն իրենց աշխատանքը մինչև սեպտեմբեր:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի այս հանձնաժողովն իրավասու չէ Թրամփին մեղադրանք առաջադրել որևէ հանցագործության մեջ, սակայն կարող է իր եզրակացությունն ու հավաքած տեղեկատվությունն ուղարկել ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն, որպեսզի մեղադրանքներ առաջադրվեն դատական համակարգի կողմից:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG