Մատչելի հղումներ

Հարցում. ԶԼՄ-ների նկատմամբ ամերիկացիների վստահությունը զգալիորեն նվազել է


Կոնգրեսին վստահում են է՛լ ավելի քիչ

Ամերիկացիների վստահությունը թերթերի և հեռուստատեսային նորությունների նկատմամբ իջել է ռեկորդային մակարդակի:

Այս մասին են վկայում Gallup-ի նոր հարցման տվյալները, որոնք վկայում են նաև ամերիկյան այնպիսի հաստատությունների նկատմամբ վստահության անկման մասին, ինչպիսիք են Կոնգրեսը, նախագահական համակարգը և Գերագույն դատարանը։

Ամերիկացի մեծահասակների միայն 16 տոկոսն է ասել, որ «շատ է վստահում» կամ «բավականին վստահում է» թերթերին: Մեծահասակների միայն 11 տոկոսն է նույնը ասել հեռուստատեսային լուրերի մասին:

Երկու վարկանիշներն էլ 2021 թվականից ի վեր ընկել են 5 տոկոսային կետով և ներկայացնում են վստահության ամենացածր մակարդակը այն պահից, երբ Gallup-ը սկսեց հետևել թերթերի (1973) և հեռուստատեսային նորությունների (1993) նկատմամբ մարդկանց վերաբերմունքին:

Թերթերի նկատմամբ հանրապետականների շրջանում վստահությունն այս տարի ընկել է ռեկորդային նվազագույնի` 5 տոկոս: Անկուսակցականների շրջանում ցուցանիշն իջել է 12 տոկոսի: Միևնույն ժամանակ, դեմոկրատների վստահության մակարդակը , որը կազմում է 35 տոկոս, դեռևս գերազանցում է պատմական ցածր մակարդակին, որը 2007 և 2016 թվականներին իջել էր 28 տոկոսի:

Հեռուստատեսային լուրերի նկատմամբ վստահությունը նույնպես ընկել է ռեկորդային ցածր մակարդակի դեմոկրատների (20 տոկոս) և անկախների շրջանում (8 տոկոս), մինչդեռ հանրապետականների շրջանում 8 տոկոսը վիճակագրական սխալի սահմաններում է անցյալ տարվա ռեկորդային ցածր մակարդակից՝ 6 տոկոս, նշում է Gallup-ը:

Այս տվյալները ձեռք են բերվել հունիսի 1-20-ը անցկացված Gallup-ի հարցումից:

Անցյալ տարվա համեմատ 16 հաստատություններից 11-ի համար վստահությունը վիճակագրորեն զգալիորեն նվազել է: Մյուս հաստատություններից ոչ մեկում այն չի բարելավվել:

Միակ հաստատությունը, որի վարկանիշն ավելի ցածր է եղել, քան հեռուստատեսային լուրերի վարկանիշը, Կոնգրեսն է, որին վստահում է ամերիկացիների միայն 7 տոկոսը:

Ամենամեծ վստահությունը, ըստ հետազոտության, շահել է փոքր բիզնեսը (68 տոկոս), որին հաջորդում են զինված ուժերը (64 տոկոս) և ոստիկանությունը (45 տոկոս):

Վստահության ամենամեծ անկումը, երկնիշ թվերով, գրանցվել է Գերագույն դատարանի և նախագահի ինստիտուտի նկատմամբ: Ամերիկացիների միայն 25 տոկոսն է վստահում առաջինին, 23 տոկոսը՝ երկրորդին։

''Ամերիկայի Ձայն''-ի Ռուսական ծառայություն

XS
SM
MD
LG