Մատչելի հղումներ

Հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկի նոր՝ մանր, բայց կարևոր քայլերի փուլ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ու հայ-թուրքական ընթացող երկխոսության վերաբերյալ «Ամերիկայի ձայնի» հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է. «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչը դրական կլինի ողջ տարածաշրջանի համար: Թուրք-հայկական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը օգուտ կբերի բոլորին: Այդ ամենը կարևոր է հատկապես այժմ՝ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող պատերազմը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս կարևոր երկխոսությանը, այնպես, ինչպես հարմար կլինի երկու կողմերի համար»:

Եվ այսպես, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտով կյանքի կկոչվեն:

«Հայաստանի և Թուրքիայի նեկայացուցիչների միջև վերջին հանդիպումը, որը նախորդ 3 հանդիպումների համեմատ ավելի արդյունավետ էր, հարաբերությունների մեկնարկի նոր փուլ է սկսել, որի շրջանակում կարելի է դիտարկել նաև Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը»,- ասում է արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։


Նրա խոսքերով, սա փոքր քայլերի, բայց, միևնույն ժամանակ, կարևոր քայլերի փուլ է։ Հայ- թուրքական սահմանը կարգի բերելու համար շատ մեծ աշխատանք պետք է կատարվի, քանի որ այն տասնամյակներ շարունակ չի օգտագործվել։ Հնարավոր է, որ այս ամռան ընթացքում աշխատանքեր տարվեն, իսկ աշնանը ակնատես լինենք սահմանի բացմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սա քայլ է, որը տանում է, դեպի դիվանագիտական հարաբերությունների հաստատում և հայ-թուրքական սահմանի բացում, ինչը և այդ հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է։ Թուրքագետի կարծիքով, Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցի ընթացքում նույնպես այս խնդիրները քննարկվել են, քանի որ հայ-թուրքական սահմանին նաև ռուս սահմանապահներն են կանգնած, և, բնականաբար, ռուսական կողմի հետ ևս պետք է այդ բոլոր հարցերը քննարկվեն ու համաձայնեցվեն․- «Հայաստանի ղեկավարությունը, հայ-թուրքական հարբերությունների կարգավորմանը զուգընթաց, նաև անընդհատ երկխոսության մեջ է Ռուսաստանի հետ, և պատահական չէր, որ այս օրերին տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Դա նպատակ ունի Ռուսաստանի գործոնը այս գործընթացում դրական դարձնել, և դա է պատճառը, որ Հայաստանը համաձայնեցնում է իր բանակցություննեի ընթացքը Ռուսաստանի հետ»։


Միջազգայնագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում այս հեռախոսազրույցը առաջընթաց է, և մինչև տարեվերջ կլինի որոշակի պայմանավորվածությունների ֆիքսում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման առումով։ Ընդ որում, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չի նշանակում Հայաստանում և Թուրքիայում դեսպանատների պարտադիր բացում։ Սկզբնական շրջանում դա կարող է կազմակերպվել այլ երկրներում նստավայր ունեցող դեսպանների միջոցով։ «Աշխարհաքաղաքական առումով, չեմ կարծում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու դեպքում, Թուրքիան կդադարի ամբողջությամբ սատարել Ադրբեջանին, ինչպես դա արել է 2020 թվականին, բայց այդքանով հանդերձ, այս գործընթացը փոփոխություն կբերի, եթե ոչ՝ խաղաղություն, ապա գոնե կայունություն կարող է ապահովել, ինչը նույնպես կարևոր է»,- ասում է միջազգայնագետը։


Կան տեսակետներ, որ հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկը նշանակում է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացում, բայց մյուս կողմից Ռուսաստանն՝ ինքն այդ հարաբերություններին կողմ է, և ընդհանրապես, այդ ողջ գործընթացը ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունք է։ Հետևաբար, եթե անգամ ինչ-որ դերի թուլացում տեղի ունենա, միևնույնն է , դա էական բացասական հետևանքների Ռուսաստանի համար չի հանգեցնի։ -«Ռուսներն էլ են հասկանում, որ դիվանագիտական հարաբերություններ, առևտրային հարբերություններ ունենալը բոլորովին չի նշանակում, որ երկրներից մեկը մյուսի նկատմամբ չի կարող դրսևորել թշնամական վերաբերմունք, և այդպիսի օրինակները աշխարհում շատ են։ Այնպես, որ Մոսկվայում չեն հավատում, թե Հայաստանի և Թուրիքայի հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է սասանել Ռուսաստանի դիրքը տարածաշրջանում»,- գնահատում է Բենիամին Պողոսյանը։


«Հայկական կողմի ինքնուրույնությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, ռուսական կողմին առանձնապես դուրեկան չէ, թեև ճանապարհային կոմունիկացիաների բացումը հետաքրքրում է նաև Ռուսաստանին է,- ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը,- սակայն, միանշանակ է, որ այն պահից, երբ Ռուսաստանը դադարի հանդես գալ, որպես փրկիչ՝ հայ-թուրքական հարաբերությունների առումով, կկորցնի իր դերը և նշանակությունը տարածաշրջանում։ Ռուսաստանի այս ասիմետրիկ և աննորմալ ներկայությունը տարածաշրջանում կապված է հայերին «փրկելու» անհրաժեշտությամբ, եթե այդ անհրաժեշտությունը վերանում է, ապա ռուսները պետք է նոր բան մտածեն, իսկ հաշվի առնելով, թե ինչ վիճակում է հիմա Ռուսաստանը և նրա հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, ապա Ռուսաստանի ընտրությունը շատ մեծ չէ, և ոչ էլ հնարավորություններն են շատ մեծ»։

Հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկի նոր՝ մանր, բայց կարևոր քայլերի փուլ
please wait

No media source currently available

0:00 0:08:39 0:00

XS
SM
MD
LG