Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Մեքսիկայի նախագահները փորձում են շտկել հարաբերությունները


ԱՄՆ-ը կրկնապատկելու է Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի աշխատավորների համար ժամանակավոր վիզաների թիվը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:

Սպիտակ տան Օվալաձեւ սրահում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրն ընդունեց Մեքսիակայի իր պաշտոնակից Անդրես Մանուել Լոպեզ Օբրադորին: Մինչ այդ Օբրադորը, հանդիպում ունենալով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, խոստովանեց, որ երկու հարեւան այս պետությունները միշտ չէ, որ համաձայն են լինում բոլոր հարցերում: «Սակայն չնայած մեր տարաձայնություններին և դժգոհություններին, որոնք հեշտ չէ մոռանալը, շատ հաճախ ենք մենք կարողացել հանդիպել և աշխատել միասին որպես լավ բարեկամներ և իսկական դաշնակիցներ», ասել է նա:

Վերջին անգամ երկու նախագահների միջեւ տարաձայնություններ էին սկսվել այն բանից հետո, երբ Ամերիկա մայրցամաքի գագաթաժողովին մասնակցելու հրավեր Վաշինգտոնը չէր ներկայացրել Կուբային, Նիկարագուային եւ Վենեսուելային, որից հետո Մեքսիկայի նախագահը որոշել էր իր փոխարեն գագաթաժողովին մասնակցելու համար ուղարկել արտգործնախարարին:

Բայդենը նույնպես փորձում է վստահեցնել, որ տարաձայնություններն անցողիկ դեպքեր են, բարեկամությունը` հարատեւ: Սպիտակ տունը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, որ այդ բարեկամության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Վաշինգտոնը որոշել է կրկնապատկել Կենտրոնական Ամերիկայի միգրանտների համար ժամանակավոր վիզաների թիվը:

Ինչպես ԱՄՆ-ում Մեքսիկայի նախկին դեսպան հայազգի Արթուրո Սարուխանն է «Ամերիկայի Ձայն»-ին ասել. ‘’Կարծում եմ, որ այսօր Վաշինգտոնում կայացած այս հանդիպման համար իսկապես կարևոր է նախագահ Բայդենի հանձնառությունը՝ ապահովելու, որ ԱՄՆ-Մեքսիկա հարաբերությունները մնան հավասարության սկզբունքների վրա’’: Նա հիշեցնում է, որ Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում անցկացվող նախագահական ընտրությունները ամեն 12 տարին մեկ անգամ համընկնում են:

ԱՄՆ-Մեքսիկա հաջորդ ընտրությունների անցկացումը համընկնելու է 2024-ին:

XS
SM
MD
LG