Մատչելի հղումներ

Եվրամիությունը սառեցրել է ռուսական ակտիվները 13,8 մլրդ եվրոյով


Մինչ օրս Եվրամիությունը սառեցրել է ռուս օլիգարխների, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Մոսկվայի կողմից սանձազերծված պատերազմի համար պատժամիջոցների ենթարկված այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները՝ 13,8 միլիարդ եվրոյի (13,83 միլիարդ դոլարի) չափով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։

Ռեյնդերսն ասել է, որ նշված գումարի մեծ մասը սառեցվել է Եվրամիության 27 անդամ երկրներից միայն հինգի կողմից, եւ կոչ է արել մյուսներին ակտիվացնել իրենց ջանքերն այս ուղղությամբ: Ներկա պահին Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով դաշինքի սև ցուցակում են գրանցված 98 իրավաբանական և գրեթե 1160 ֆիզիկական անձինք:

«Այս պահին մենք սառեցրել ենք օլիգարխներից և այլ իրավաբանական անձանցից 13,8 միլիարդ եվրոյի չափով միջոցներ, սա բավականին մեծ գումար է», - Պրագայում արդարադատության նախարարների հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է հանձնակատարը: «Բայց գումարի զգալի մասը՝ ավելի քան 12 միլիարդ, գալիս է անդամ հինգ երկրներից, ուստի մենք պետք է շարունակենք խրախուսել մյուսներին անել նույնը», ասել է նա:

Ռեյնդերսի համոզմամբ, ամառվա վերջին ձեռք կբերվի քաղաքական վերջնական համաձայնություն նոր իրավական միջոցների վերաբերյալ, ըստ որոնց հանցագործություն կհամարվեն պատժամիջոցները շրջանցելու կամ խախտելու գործողությունները:

Եվրամիության այս քաղաքականությունը կարող է ուժի մեջ մտնել արդեն աշնանը: «Երբ այն մտնի ուժի մեջ, այդ գումարը կուղղվի ուկրաինացի ժողովրդի համար նախատեսված հիմնադրամին», - ասել է հանձնակատարը:

''Ռոյթըրս''

XS
SM
MD
LG