Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Մեքսիկայի նախագահները բանակցելու են միգրացիոն հարցերի շուրջ


migrants flow

ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի քաղաքապետարանի մի աշխատակից անցյալ շաբաթ իրավապահ մարմիններին տեղեկացրեց մի փաստի մասին, որը դառնալու էր ԱՄՆ անօրինական կերպով մուտք գործելու փորձերում ամենամահաբեր ողբերգություններից մեկը:

Դաշնային իշխանությունները չորս մարդու նկատմամբ ներկայացրել են միգրանտներին անօրինական կերպով ԱՄՆ-ի սահման անցկացնելու եւ անփութության պատճառով նրանց մահվան պատճառ դառնալու մասին մեղադրանքներ: Միգրանտները, որոնք պարզապես խցկված են եղել բեռնատարի կցասայլի մեջ, չեն ունեցել ոչ ջուր, ոչ օդորակիչ, ու խեղդամահ են եղել: Դրանից հետո վարորդը լքել է բեռնատար ավտոմեքենան ու ոտքով դիմել փախուստի:

Այս դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճիռ կայացրեց ընդդեմ Թրամփի ժամանակաշրջանի քաղաքականության: Խոսքը ‘’Միգրանտների պաշտպանության արձանագրություններ’’ անվանումը կրող որոշման մասին է, որն ավելի հայտնի է «Մնա Մեքսիկայում» անվանմամբ:

Թրամփի ժամանակաշրջանում ընդունված որոշման չեղարկումը հաջողություն է գրանցում հօգուտ Ջո Բայդենի: Հիշեցնենք, որ այդ օրենքն էր ստիպել հազարավոր միգրանտների, մինչեւ ԱՄՆ-ի սահմանն անցնելը, սպասել Մեքսիկայում: Այսինքն լատինամերիկյան տարբեր երկրներից Մեքսիկայի տարածքով ԱՄՆ-ի սահմանին մոտեցած միգրանքները ստիպված պիտի սպասեին Մեքսիկայում, մինչեւ ԱՄՆ-ի դատավորները կկայացնեին որոշում յուրաքանչյուրի վերաբերյալ:

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Ալեխանդրո Մայորկասը ABC-ի «Այս շաբաթ» ծրագրի եթերում ասել է.

«Մենք շատ գոհ ենք Գերագույն դատարանի որոշումից, ըստ որի կասեցվում է ‘’Մնա Մեքսիկայում’’ ծրագիրը, ինչը դարձել էր մարդկային բազում ողբերգությունների պատճառ: Հիմա պիտի սպասենք, որպեսզի Գերագույն դատարանի որոշումը փոխանցվի ստորին դատարանին’’, ասել է նա: Այս գործընթացը, ասում է Մայորկասը, կարող է տևել մի քանի շաբաթ:

Միայն այս տարվա ընթացքում հարյուր հազարավոր միգրանտներ են հարավային սահմանից փորձել անցնել Միացյալ Նահանգներ:

Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթն ասում է, որ նահանգի իրավապահ մարմինները կավելացնեն բեռնատարների համար նախաստեսված անցակետերը՝ ապագայում Սան Անտոնիոյի նման ողբերգությունից խուսափելու համար: Նա նաև ասում է, թե կատարվածի մեջ մեղքի իր բաժինն ունի Բայդենի վարչակազմը:

Էբոթի խոսքերով, ‘’Մահացությունների այս դեպքերից շատերը կարող էին կանխվել, եթե Բայդենը պարզապես լավ ֆինանսավորեր Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանապահ ծառայությանը և իրականացվեր սահմանային լավ հսկողություն’’:

Եթե Թրամփի ժամանակներում ուժի մեջ մտած «Մնա Մեքսիկայում» ծրագիրը կարող է շուտով չեղարկվել, ապա նրա իշխանության օրոք ուժի մեջ մտած մեկ այլ ծրագիր, որը կապված էր կորոնավիրուսի պատճառով միգրանտների մուտքն արգելելուն, դեռեւս շարունակում է գործել:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն այս շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախագահ Բայդենի հետ հանդիպելու ծրագրի մասին: Երկու նախագահները միգրացիային վերաբերող հարցերի շուրջ բանակցելու են հուլիսի 12-ին:

XS
SM
MD
LG