Մատչելի հղումներ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հույս ունի այցելել Մոսկվա ու Կիեւ


Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ասել է, թե հուսով է, որ այս ամսվա վերջին Կանադա կատարելիք այցից հետո կկարողանա որքան հնարավոր է շուտ մեկնել Մոսկվա և Կիև: Այս մասին Reuters-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:

Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ շփումներ են եղել Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվա հնարավոր այցի վերաբերյալ։

Ասենք, որ Հռոմի որեւէ Պապ երբեք չի այցելել Մոսկվա: Ֆրանցիսկոս Պապն էլ բազմիցս է դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

Կաթոլիկ եկեղեցու հովվապետը մի քանի ամիս առաջ ասել էր, որ Ռուսաստան այց կատարելու իր առաջարկին Մոսկվան պատասխանել էր, թե դրա ճիշտ ժամանակը չէ: Վերջերս տված հարցազրույցում սակայն, նա ակնարկում է, թե այժմ ինչ-որ բան կարող է փոխված լինել: Նա հույս է հայտնել, որ այս ամսվա վերջին կայցելի Մոսկվա և Կիև:

«Կարծում եմ, որ եթե Ռուսաստանի նախագահն ինձ մի փոքր հնարավորություն տա, ես կգնամ այնտեղ՝ ծառայելու խաղաղության գործին։ Հնարավոր է, որ Կանադայից վերադառնալուց հետո հասցնեմ մեկնել նաեւ Ուկրաինա։ Առաջինն ուզում եմ այցելել Ռուսաստան, որպեսզի փորձեմ օգնել: Բայց կցանկանայի լինել երկու մայրաքաղաքներում էլ», ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։

90 րոպե տևողությամբ հարցազրույցն անցկացվել է այն օրը, երբ 85-ամյա հովվապետը պետք է մեկներ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Հարավային Սուդան։ Նա ստիպված է եղել չեղարկել ուղևորությունը, քանի որ բժիշկներն ասել են, որ կարող է բաց թողնել նաեւ իր առաջիկա ուղևորությունը դեպի Կանադա, եթե չհամաձայնվի աջ ծնկի պատճառով ևս 20 օր ստանալ թերապեւտիկ բուժումներ:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հերքել է այն լուրերը, որոնց համաձայն ինքը պատրաստվում է մոտ ապագայում հրաժարական ներկայացնել: Հերքել է նաեւ քաղցկեղ հիվանդությամբ տառապելու մասին լուրերը, ու կատակով ասել. «Իմ բժիշկներն այդ մասին ինձ ոչինչ չեն ասել»:

XS
SM
MD
LG