Մատչելի հղումներ

Թուրքիան ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը համաձայնություն է տալիս սուրճի սեղանի մոտ


Թուրքիան համաձայնվեց, որ Շվեդիան ու Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ինչպես Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարն է ասում, խնդիրը փակուղուց դուրս եկավ, երբ երեք երկրների ներկայացուցիչներն ընդմիջման ժամանակ սուրճ էին խմում: ‘’Սուրճի ընդմիջումներին շփումների ժամանակ հաճախ են առաջ գալիս կարեւոր մտքեր ու լուծվում խնդիրներ’’, ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ սկանդինավյան երկու երկրները ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում կայացրին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսված պատերազմական գործողությունների ընթացքում, նպատակ ունենալով ստանալ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանությունը ռուսական հնարավոր հարձակման դեպքում: Սակայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, կիրառելով հարմար պահն իր համար, վետո դրեց նրանց անդամակցության վրա, պահանջելով, որ երկու այս երկրներն իրեն հանձնեն իրենց տարածքներում գտնվող քուրդ անջատողականներին: Եվ ահա ձեռք բերված համաձայնության համաձայն, Ֆինլանդիան ու Շվեդիան պարտավորվում են, ինչպես թուրքական կողմն է ասում, դադարեցնել քուրդ զինված խմբերին իրենց տարածքներում աջակցությունը: Սկանդինավյան հարեւանները համաձայնվում են նաեւ հանել Թուրքիային որոշ տեսակի զենքեր առաքելու հարցի վրա իրենց կողմից նախկինում դրված արգելքը: Թուրքիան հայտարարում է, որ այժմ պահանջում է, Անկարայի խոսքերով, ‘’ահաբեկչության 33 կասկածյալների’’ հանձնումը: ‘’Թուրքիան պահանջում է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան կատարեն իրենց խոստումը’’, ասել է Թուրքիայի արդարադատության նախարարը: Ըստ նրա, իրենք Ֆինլանդիայից սպասում են Քրդստանի աշխատավորական կուսակցության վեց անդամների արտահանձնում, ինչպես նաեւ հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենի շարժման եւս վեց անդամներների արտահանձնում: Անկարան պահանջում է, որ Շվեդիան էլ իրեն հանձնի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 11 եւ Գյուլենի շարժման 10 անդամների:

Ասենք, որ չնայած PKK-ն համարվում է ահաբեկչական կազմակերպություն Եվրամիությունում, ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում, վերջիններս ահաբեկչական չեն համարում Գյուլենի շարժումը: Այնպես որ, մեծ հարցական է դրվում այն խնդրի վրա, թե ինչպես են կատարելու Թուրքիային տրված խոստումը սկանդինավյան երկու երկրները, որոնք մինչ այժմ հրապարակային կերպով հանդես չեն եկել այս հարցի շուրջ:

Ասենք, որ ձեռք բերված համաձայնության մեջ միայն գրված է, որ Հելսինկին եւ Ստոկհոլմը համաձայնվել են ‘’կանխել PKK-ի գործունեությունը եւ չաջակցել գյուլենականներին, ինչպես նաեւ Սիրիայի քրդական ժողովրդավարական միասնություն կուսակցությանը եւ նրա ռազմական թեւ Ժողովրդի պաշտպանության միավորմանը’’:

Թուրքիայի նախագահ Էրդողանի գրասենյակը հայտարարել է, թե իրենք ստացել են ‘’այն, ինչ ուզում էին’’: Իսկ քրդերը բողոքում են, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պարզապես զոհաբերում են իրենց:

Շվեդիայի 100 հազարանոց քրդական համայնքի իրավունքները պաշտպանող իրավաբանները վերջին շաբաթների ընթացքում հաճախ էին հանդես գալիս միջազգային հեռուստաալիքներով, պնդելով, որ Շվեդիան չպետք է գնա նման զիջումների: Այսօր նրանք անցած երեքշաբթին անվանում են ‘’սեւ օր Շվեդիայի քաղաքական պատմության մեջ’’:

Այսպիսով 30 առաջնորդների մասնակցությամբ անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովում գրանցվում է միասնության եւս մեկ դրսեւորում, երբ դաշինքը համաձայնվում է մեծացնել ճակատն ընդդեմ Ռուսաստանի: ՆԱՏՕ-ն այսպիսով ավելի կտարածվի Բալթիկ ծովում` այստեղ ստանալով ռազմական գերակայություն ընդդեմ Ռուսաստանի:

Ռուսաստանն արդեն դատապարտել է ՆԱՏՕ-ի ընդլայնման փորձը, այն անվանելով ‘’խիստ ապակայունացնող գործոն’’: Այսպիսով, ասում են վերլուծաբանները, Թուրքիան հերթական անգամ կատարում է քայլ, որը չի բխում երբեմն դաշնակից թվացող Ռուսաստանի շահերից:

XS
SM
MD
LG