ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վերջերս չեղարկեց 100-ամյա օրենքը, որը սահմանափակում էր Նյու Յորքում թաքցված զենք կրելը: Որոշմամբ վերացվում է նախկին պահանջը, ըստ որի զենքի սեփականատերը պետք է ապացուցեր ինքնապաշտպանության նպատակով թաքցրած զենք ունենալու անհրաժեշտությունը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրեց որոշում, որը Նյու Յորքի եւ ԱՄՆ-ի խոշոր այլ քաղաքների բնակիչներին թույլ է տալիս օրինական կերպով զենք կրել փողոցներում՝ առանց դրա համար «պատշաճ պատճառ» ներկայացնելու:
Այս որոշումը հրապարակվելուց ի վեր զենքերի նկատմամբ հետաքրքրության աճ է գրանցել ԱՄՆ-ում: Սակայն փոքր թիվ չեն կազմում այն մարդիկ, որոնք անհանգստացած են փողոցներում զենքի թվի հավանական աճի համար: Կան նույնիսկ բնակիչներ, ովքեր արդեն մտածում են այդ քաղաքներից հեռանալու մասին: Նրանք ասում են, թե վստահ են, որ օրինակ Նյու Յորք քաղաքում սպանությունների թիվն ավելի կաճի:
Նյու Յորքի փողոցներում զենքի թվի հնարավոր աճը մտահոգում է նաև քաղաքապետ Էրիկ Ադամսին:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Նյու Յորքը դառնա վայրի արևմուտք: Չպիտի թույլ տանք, որ ցանկացած վեճ ավարտվի փոխհրաձգությամբ’’, ասել է նա:
Small Arms Survey-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի քաղաքացիական անձինք ունեն ավելի քան 393 միլիոն միավոր զենք: Գերագույն դատարանի նոր որոշմամբ այս թիվը կավելանա։