Մատչելի հղումներ

Ֆրանսիան ուշադրությունը կարող է շեղել արտաքին քաղաքականությունից դեպի ներքին խնդիրներ


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերընտրությունից երկու ամիս անց, նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետին այժմ սպառնում է փակուղի, որը լի է քաղաքական ճգնաժամի հնարավորությամբ: Խնդիրն այն է, որ Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը կիրակի օրը կորցրեց իր լիարժեք մեծամասնությունը Ազգային ժողովի ստորին պալատում:

Կենտրոնամետ «Միասին» դաշինքը կիրակի օրն անցկացված ընտրությունների արդյունքում ստացել է ամենամեծ թվով տեղերը ստորին պալատում: Սակայն պետք է ասել, որ այն նույնպես չի ստացել մեծամասնություն: Այդ պատճառով երկրի վարչապետ Էլիզաբեթ Բորնն ասել է, թե ստեղծված իրավիճակն աննախադեպ է ու դժվարին:

Իսկ ահա ծայրահեղ ձախերն ու աջերը տոնում էին ընտրությունների արդյունքներ։ Նոր ձախակողմյան NUPES կոալիցիայի առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը ընտրության արդյունքներն ավանել է նախագահ Էմանուել Մակրոնի պարտություն:

Սակայն չի կարելի ասել, որ Մելենշոնի դաշինքին հաջողվել է հասնել լիակատար հաջողության: Նրանց հաջողվել է վերցնել օրենսդիր մարմնի 577 մանդատներից միայն 131-ը, երբ Մակրոնի կենտրոնամետ ուժերը ստացել են 245 աթոռ:

Մի շարք առումներով ամենամեծ հաղթանակը տարել է ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը ստացել է 89 մանդատ: Սա մեծ հաջողություն է այն առումով, որ մինչ այժմ որեւէ ժամանակ նրանք նման թվով աթոռներ չեն ունեցել խորհրդարանի ստորին պալատում:

Այս կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը նշել է, որ ընտրությունների արդյունքն իրենց տալիս է ամենամեծ ընդդիմադիր կուսակցության կարգավիճակը, քանի որ Մելանշոնի NUPES-ը չորս տարբեր ձախ կուսակցությունների դաշինք է:

Ակնհայտ է, որ արդյունքները լուրջ մարտահրավեր են Մակրոնի երկրորդ ժամկետի համար, երբ նրա կառավարությունը կանգնած է խոշոր հարկաբյուջետային և կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու խնդրի առջեւ: Խորհրդարանում եւ կառավարությունում նոր փոփոխությունները մոտ ապագայում կարող են նրան ստիպել ավելի քիչ ուշադրություն դարձնել արտաքին խնդիրներին ու կենտրոնանալ ներքին խնդիրների վրա:

Ինչպես վերլուծաբաններից Ժան Պետոուն է ասում, ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ Ֆրանսիայում սկսվում է բարդ քաղաքական ժամանակաշրջան:

Մակրոնի կառավարության երեք նախարարներ արդեն իսկ կորցրել են իրենց օրենսդրական հայտերը: Ըստ սահմանադրության, դա նշանակում է, որ նրանք պետք է ներկայացնեն հրաժարական:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG