Մատչելի հղումներ

Բայդենը ծրագրում է ճամփորդություն դեպի Մերձավոր Արեւելք


Նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը զարմացրեց որոշ դիտորդների, երբ հայտարարեց, որ ունի Մերձավոր Արեւելեք ուղեւորվելու մտադրություն: Նա ասել է, որ նպատակն է օգնել այստեղ ամրապնդելու կայունությունն ու խաղաղությունը:

Փորձագետները հիշեցնում են, որ Ամերիկայի նախագահները տասնամյակներ շարունակ սերտ հարաբերություններ են պահպանում նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ, սակայն Բայդենը անսովոր անկեղծությամբ քննադատում է մարդու իրավունքների խախտումներն այս երկրում:

Ինչպես Բրուքինգզի հաստատությունից Բրուս Ռիդելն է ասում, ‘’Ջո Բայդենը, որպես թեկնածու, շատ ծանր էր տանում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին գործելաոճը Ջամալ Հաշոգիի սպանության կազմակերպման մեջ նրա դերի համար: Այն ժամանակ Ջո Բայդենն ասել էր, որ Սաուդյան Արաբիային կվերաբերվի որպես մերժվածի»։

Պատասխանելով երկկողմ հարաբերությունների վիճակի մասին հարցին՝ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ վերջին 16 ամիսների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել՝ վկայակոչելով Եմենում հումանիտար զինադադարը։

Ռիդելն ասում է, որ Եմենում պատերազմի, տառապանքների և սովի դադարեցումը նախագահ Բայդենի համար կարևոր առաջնահերթություն է:

«Ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերություններում, քան շարունակել այս գործընթացը քաղաքական լուծման ուղղությամբ և վերջ տալ պատերազմին: Բառացիորեն նախագահը կարող է փրկել տասնյակ հազարավոր կյանքեր, եթե կարողանա պահպանել այս զինադադարը», ասում է Ռիդելը:

Գերմանական Մարշալի հիմնադրամից Ջոնաթան Կացն էլ ասում է, որ բենզինի գների աճի շուրջ ներքին անհանգստությունը Բայդենի համար մեծ դրդապատճառ է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները «վերահաշվարկելու» համար:

Փորձագետներն ասում են, որ նույնիսկ Սաուդյան Արաբիան չի կարող ինքնուրույն կերպով իջեցնել նավթի գները, երբ Մոսկվայից գնումները կրճատելու արդյունքում նվազում են ռուսական նավթի արտահանման ծավալները:

Հոդվածը կազմված է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի լրագրող Սինդի Սեյնի պատրաստած նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG