Մատչելի հղումներ

Պուտինիզմն` իսպաներեն


Կրեմլը շարունակում է հսկայական ռեսուրսներ ծախսել իր արտաքին քաղաքական մեդիա ռեսուրսները պաշտպանելու ու տարածելու համար։ Լատինական Ամերիկայում ռուսական ազդեցության հիմնական ակտիվներն են իսպանալեզու Actualidad RT հեռուստաալիքը և Sputnik Mundial գործակալությունը։

Անցած շաբաթվա ամենահայտնի նյութը ռուսական Actualidad RT-ում կասկածելի որակի տեսանյութն էր, որտեղ իբր դաջվածքներ են ցուցադրվում ‘’Ազով’’-ի գնդի մի քանի գերի ընկած մարտիկների ձեռքերին, ոտքերին և իրանին: Ռուսական կայքի խմբագիրների կողմից ավելացված գրաֆիկական ցուցանակներին տրվում են իսպաներեն բացատրություններ, թե ինչ է նշանակում այս կամ այն նշանը, այս կամ այն դիմանկարը, գծանկարը։ Անփորձ դիտողները չեն պատկերացնում, որ նացիստական ու սատանայական դաջվածքները պարզապես կեղծված են ու շինծու: Եվ այս տեսանյութի տակ գտնվող բազմաթիվ մեկնաբանություններում գործնականում չկան քննադատական դիտողություններ այս պատմության ճշմարտացիության վերաբերյալ: Իհարկե, այս տեսանյութը գրեթե ձայն չունի, բերման ենթարկվածի ոչ մի անուն և պահման ամսաթիվ չի նշվում, կադրերն արված են տարբեր վայրերում, և պարզ չէ, թե դա ընդհանրապես որտեղ և երբ է տեղի ունեցել, և արդյոք դա իրականություն է, թե ոչ: Անհասկանալի է, թե «նացիստական» դաջվածքներով մարմնի բոլոր ցուցադրված մասերը պատկանում են մեծ թվով տարբեր մարդկանց, թե երկու կամ երեք հոգու, մինչդեռ դաջվածքների մեծ մասը վատ տեսանելի է կամ ամբողջովին անճանաչելի:

Այն պահից, երբ Ռուսաստանը փետրվարի վերջին ներխուժեց Ուկրաինա, RT-ն անընդհատ դավադրության պատմություններ է ներկայացնում իսպանախոս լսարանին: Օրինակ, առասպելն այն մասին, որ ուկրաինացի զինվորականները «բեմադրված տեսանյութ» են ստեղծել Կիևից ոչ հեռու գտնվող Մոշչուն քաղաքում խաղաղ բնակիչների մահվան մասին, և որ Ռուսաստանը, իբր, մասնակից չի եղել Բուչայի ջարդին:

Ռուսական ապատեղեկատվության արդյունավետությունը դժվար է չափել, բայց դատելով դրա տարածման չափից՝ Կրեմլը զգալի հաջողություններ է ունեցել իսպանախոս հեռուստադիտողների շրջանում։ Լատինական Ամերիկայի գրեթե 500 հյուրանոցներ ունեն Actualidad RT-ի ալիքները, և տարածաշրջանի ավելի քան 30 երկրների հեռուստադիտողներ կարող են դիտել RT-ն: Actualidad RT-ն հավաքել է մոտ 3,5 միլիոն հետևորդ Twitter-ում, 18 միլիոն՝ Facebook-ում: Երկու հաշվեհամարներն էլ, որոնք արդեն հայտնի էին մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, ավելի շատ հետևորդներ ունեն, քան անգլերեն լեզվով RT ապրանքանիշով իրենց գործընկերները:

Ե՛վ RT-ի իսպանալեզու տարբերակը, և՛ Sputnik Mundo-ն 15 ամենահայտնի իսպանալեզու տիրույթներից են, որոնք Twitter-ում տարածում են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մասին նյութեր: Այս մասին ասվում է Ատլանտյան խորհրդի Վաշինգտոնի հետազոտական կենտրոնի թվային դատաբժշկական գիտահետազոտական լաբորատորիայի հետազոտող Էստեբան Պոնսե դե Լեոնի ուսումնասիրության մեջ:

Պոնսե դե Լեոնը հետևել է հազարավոր հաշվեհամարների, որոնք RT-ից և Sputnik-ից ստացված տեղեկատվություն են հրապարակել կամ վերահրապարակել Twitter-ում և պարզել, որ հրապարակումների ընդհանուր ներգրավվածության 11%-ը ստացվել է 171 հաշիվներից:

Եվրոպայում արդեն միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի ռուսական լրատվամիջոցները չներթափանցեն քաղաքական և հասարակական կյանք։ ԱՄՆ-ում RT-ն հայտարարվել է «օտարերկրյա գործակալ»։ Սակայն Լատինական Ամերիկայում ոչ ոք չի շտապում հասկանալ վտանգը։ Միայն մի քանի երկրներ, ինչպիսին Ուրուգվայն է, քայլեր են ձեռնարկել Կրեմլի համար բարեկամական լրատվամիջոցներին եթերից հեռացնելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG