Մատչելի հղումներ

Ամերիկացի զինվորականի նպատակն Ուկրաինայում պատերազմն արագ ավարտելն է


Ամերիկացի զինվորական Մեթյու Փարքերը 22 տարի ծառայել է ԱՄՆ-ի բանակում: Սակայն, երբ լսեց, որ ռուսական ուժերը ներխուժել են Ուկրաինա, հիշեց ԱՄՆ-ի քաղաքացի այն ուկրաինացի զինվորի մասին, որն իր կողքին ծառայել էր Իրաքում ամերիկյան ուժերում։ Եվ նա որոշեց, որ պիտի օգնի ուկրաինացիներին պաշտպանել իրենց հայրենիքը: Փարքերի նման հազարավոր ամերիկացիներ կան այսօր Ուկրաինայում, ովքեր կռվում են ընդդեմ Ռուսաստանի:

Փարքերի պարտականությունն է մարզել ուկրաինական բանակի անդամներին: 22 տարվա փորձ ունեցող վետերանն ասում է, որ այժմ իր գործն է օգնել Ուկրաինային, որպեսզի պատերազմը շուտ ավարտվի:

Փարքերը նեղսրտած ասում է, որ այժմ 15-րդ դարը չէ, որ մարդիկ շարունակ պատերազմեն, ու երազում է, որ մի օր բոլորը մտածեն կրթության ու գիտության զարգացման մասին:

Փարքերի համար, որը ծառայել է Բոսնիայում, Իրաքում, Աֆղանստանում և շատ այլ վայրերում, Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ պայքարը համարում է պայքար հանուն քաղաքակրթության: «Այս պատերազմը շատ վաղուց է սկսվել: Սկսվել է նախքան Ուկրաինան կդառնար Խորհրդային Միության մաս: Սրանք հին կռիվներ են: Սրանք հին վեճեր են: Եվ այն այստեղ չէ, որ ավարտվում է: Այնպես որ, սա մի տեսակ սթափեցնող կոչ է Եվրոպայի համար», ասում է նա:

Կառավարության նախկին նախարար Սեմերակը ասում է, որ կամավորներ են եկել աշխարհի շատ ծայրերից: Բայց նրանք պետք է համապատասխանեն կոնկրետ պահանջներին:

«Նրանք պետք է լինեն 30-ից մինչև 45 տարեկան: Պիտի լինեն ոչ միայն զինվորական, այլև ունենան մարտական փորձ’’, ասում է նա:

Մեթյու Փարքերը, որը 50-ն անց է, չէր համապատասխանում տարիքային պահանջներին: Այդ պատճառով երկար պայքարեց միջազգային լեգեոնին միանալու համար: Ի վերջո, նրա հմտություններն ու փորձը մանրակրկիտ կերպով ուսումնասիրելուց հետո ուկրաինական բանակը վերցրեց նրան՝ օգնելու մարզել և հիմնել իր նոր միջազգային լեգեոնը:

''Ամերիկայի Ձայն''-ի Հայկական ծառայություն

XS
SM
MD
LG