Մատչելի հղումներ

Երկիրը սգում է, կրակոցները` շարունակվում


Միացյալ Նահանգները դեռ չի ապաքինվել Թեքսաս նահանգի Ուվալդե քաղաքի տարրական դպրոցում 19 երեխաների և երկու ուսուցչի սպանությունից: Երկար շաբաթավերջի օրերին զանգվածային հրազենային կրակոցների մի քանի դեպք է արձանագրվել:

Կրակոցներ են տեղի ունեցել կիրակի օրը Օքլահոմա նահանգի Թաֆտ քաղաքում անցկացվող փառատոնի ժամանակ: 9-ից 56 տարեկան ութ մարդ է ստացել հրազենային վնասվածքներ: Նրանցից մեկն ավելի ուշ մահացել է:

13-ից 15 տարեկան վեց երեխաներ վիրավորվել են շաբաթ օրը գիշերը Թենեսի նահանգի Չաթանուգա զբոսաշրջային թաղամասում։ Երկու տարբեր խմբերի միջև ծագած վիճաբանության ընթացքում մասնակիցներից երկուսը սկսել են կրակել:

Միչիգան նահանգի Բենթոն Հարբոր քաղաքում գտնվող ակումբում և ալկոհոլային խմիչքների խանութում 19-ամյա մի երիտասարդ է սպանվել, ևս վեցը վիրավորվել են այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը գիշերը ժամը 02:30-ի սահմաններում ամբոխի մեջ հնչել են կրակոցներ: Ոստիկանները հայտնաբերել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ։

Ուրբաթ երեկոյից մինչև երկուշաբթի զանգվածային հարձակման առնվազն երկու միջադեպ է տեղի ունեցել Չիկագոյում։ Դրանցից մեկը տեղի է ունեցել տարրական դպրոցի մոտ, որտեղ վիրավորների թվում 16-ամյա աղջիկ կա։

Մեկ այլ տարածքում կիրակի գիշերը բացօթյա խնջույքի ժամանակ երիտասարդ է սպանվել։

Հանգստյան օրերին Չիկագոյում հրաձգության 32 դեպք է գրանցվել, որոնց ընթացքում 47 մարդ է վիրավորվել: Վիրավորներից ինն ավելի ուշ մահացել են:

Չիկագոյի և այլ քաղաքների ոստիկանապետեր անցած երկուշաբթի օրը նախատեսված հանգստյան օրը տեղափոխել են այլ օրեր, հուսալով, որ դրա արդյունքում նման դեպքերի թիվը կկրճատվի: Սակայն այստեղ Հիշատակի օրվա հանգստյան օրերին զոհերի թիվը երեք անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Զանգվածային հարձակումները, որոնց ԱՄՆ-ում զոհ է գնում կամ վիրավորվում առնվազն չորս մարդ, դարձել են սովորական երեւույթ եւ այդ մասին լուրերն արդեն մոռացվում են շատ արագ:

''Ասոշիեյթեդ փրես''

XS
SM
MD
LG