Մատչելի հղումներ

Ի՞նչ է սպասվում Ազովի մարտիկներին Ռուսաստանում


Ի՞նչ է սպասվում Ազովստալը պաշտպանող ուկրաինացի զինվորականներին, ովքեր վայր են դրել զենքը։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայում այս ուկրաինացի զինվորականներին անվանում են «նացիստ հանցագործներ» և ենթադրվում է, որ նրանք կարժանանան դատավարության և մահապատժի։ Ռուս խորհրդարանականների նման հայտարարությունները զայրացրել են ռազմական փորձագետներին։ Նրանք հիշեցնում են, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այն 200 երկրների շարքում են, որոնք մասնակցել են 1949 թվականի Ժնևի ռազմագերիների մասին երրորդ կոնվենցիային, որի համաձայն՝ զենքերը վայր դրածներին պետք է «բոլոր հանգամանքներում վերաբերվել մարդկայնորեն»։

Մարդկային արժանապատվության ոտնձգումը, խոշտանգումը, դաժան վերաբերմունքը, կամ դիտավորյալ ծանր տառապանքի պատճառումը միջազգային իրավունքի խախտումներ են։ Ավելին, ռազմագերիներին կարող են դատել միայն ռազմական հանցագործությունների համար, ինչպես օրինակ եղավ ռուս սերժանտի հետ, ով սպանել էր մի անզեն ուկրաինացու։ Բանտարկյալներին հնարավոր չէ դատել միայն ռազմական կոնֆլիկտին մասնակցելու համար։

«Միջազգային իրավունքի համաձայն ռազմագերիները շատ կարևոր կատեգորիա են։ Նրանք զինված հակամարտության ընթացքում կալանավորված մարդկանց ամենապաշտպանված խումբն են։ Ամենակարևորն այն է, որ այս անձինք գերության մեջ հայտնվելուց հետո չպատժվեն և պաշտպանված լինեն։ Հիմնական նպատակը պետք է լինի այդ զինվորներին ռազմաճակատից հեռացնելը և անվտանգ պահելը մինչեւ հակամարտության ավարտը։ Այնուհետև, նրանց պետք է վերադարձնել տուն։ «Պաշտպանված» ասելով՝ նկատի ունենք այնպես անել, որ ռազմագերիներին չվերաբերվեն հանցագործների պես և շանտաժի կամ բռնության չենթարկեն»,- ասել է Էմորի համալսարանի պրոֆեսոր Լորի Բլանկը «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։

«Ռուսաստանում հնչեցված առաջարկները՝ ուկրաինացի զինվորներին դատելու և նրանց «հանցագործներ» անվանելու, անընդունելի են, քանի որ այս ուկրաինացի զինվորները կռվել են ռուսական զորքերի հետ։ Հարձակումներ ռուս խաղաղ բնակչության վրա չէին կարող լինել: Զինվորականներին անվանելով «նացիստներ»՝ նրանք փորձում են կեղծել փաստերն ու մարտիկներին զրկել ռազմագերիների կարգավիճակից։ Նրանք այսպիսով փորձում են պնդել, որ զինվորները Ուկրաինայի զինված ուժերի անդամների փոխարեն ահաբեկիչներ են։ Նման հռետորաբանությունն անընդունելի է, այն հիմնավոր փաստարկ չէ։ Ռուսաստանը կխախտի միջազգային իրավունքը, եթե այդ մարտիկներին զրկի ռազմագերիների կարգավիճակից»,- ընդգծել է Բլանկը։

«Human Rights Watch»-ի իրավախորհրդատու Էիսլինգ Ռիդին պարզաբանում է, որ ռազմագերիի կարգավիճակ տրվում է երկրի զինված ուժերի ցանկացած զինվորի, ով գերի է ընկնում: Այն տրամադրվում է նաև քաղաքացիական զինյալներին, ովքեր բանակի կազմում մասնակցում են ռազմական գործողություններին:

«Նույնիսկ եթե Ազովի մարտիկների ջոկատը ի սկզբանե Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանում չէր, նրանք հետագայում դարձել են երկրի բանակի մի մաս, և դա արդեն իսկ ապահովում է նրանց ռազմագերիների կարգավիճակով։ Ավելին, ցանկացած անձ, ով զենք է վերցնում և բացահայտորեն պաշտպանում է իր երկիրը միջազգային կոնֆլիկտի ժամանակ, նույնիսկ կամավորները և քաղաքացիական անձինք, իրավասու են ստանալ ռազմագերիի կարգավիճակ։ Եթե կասկած կա, որ կոնկրետ անձը չի կռվել երկրի զինված ուժերի կազմում կամ բացահայտ զենք չի կրել՝ վերջնական որոշումը կայացվում է տրիբունալի միջոցով։ Առանձին պատգամավորներ և քաղաքական գործիչներ, միջազգային իրավունքի շրջանակներում, չեն կարող մարտիկներին զրկել ռազմագերիների կարգավիճակով պաշտպանությունից։ Զենքը վայր դրած այս անձինք լիովին համապատասխանում են Ժնևի կոնվենցիայով նախատեսված ռազմագերիների չափանիշներին»։

Միաժամանակ փորձագետը հիշեցնում է, որ 2 կողմերն էլ կարող են ռազմագերիների փոխանակում կազմակերպել, քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են։

«Ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի դրույթները նաև կոչ են անում ռազմագերիներին անհապաղ վերադարձնել իրենց հայրենիք, ովքեր վնասվածքների կամ հիվանդության պատճառով այլևս չեն կարող մասնակցել ռազմական գործողություններին: Մենք կարծում ենք, որ զինվորներից շատերը, որոնք Մարիուպոլում էին, ծանր վիրավոր են և վատառողջ։ Ռուսաստանը պետք է մտածի այդ զինվորներին Ուկրաինա վերադարձնելու մասին՝ Միջազգային Կարմիր Խաչի նման միջնորդների ներգրավմամբ։ Ռազմագերիների իրավունքների պաշտպանության ապահովման ձևերից մեկը Միջազգային կարմիր խաչին և այլ չեզոք մարդասիրական կազմակերպությունների նրանց հասանելիությունն ապահովելն է: Ռազմագերիների նկատմամբ ցանկացած անմարդկային վերաբերմունք, ներառյալ խոշտանգումները և դաժան վերաբերմունքը, միջազգային հանցագործություն է: Սա կարելի է որակել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պատերազմի օրենքների խախտում: Միջազգային տրիբունալի կողմից դրանք կհետաքննվեն որպես ռազմական հանցագործություններ»,- ասել է Ռեյդին։

Նյութը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի Ռուսական ծառայության հոդվածի հիման վրա:

XS
SM
MD
LG