Մատչելի հղումներ

Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներն Իրաքից կարող են անցնել Իրան


Թուրքական ուժերը, ռազմաօդանավերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով Քրդստանի աշխատավորական կուսակցության ջոկատների դեմ գործողություններ են իրականացնում Իրաքի քրդաբնակ հատվածներում: Քրդական ջոկատներն Իրաքի քրդական լեռնային հատվածներում ապաստան են գտել արդեն մի քանի տասնամյակ:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն (ՔԱԿ) այժմ Էրդողանի թիրախում է Քանդիլի լեռներում: Իսկ Քանդիլի լեռները գտնվում են Թուրքիայի հակառակորդ Իրանի սահմանին: Եվ քանի որ թուրքական զինուժը ուժեղացնում է իր հարձակումը, որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ ՔԱԿ-ն աջակցության համար կարող է դիմել Իրանին:

Թուրք վերլուծաբաններից Հուսեյն Բաղջին հիշեցնում է, որ

«Իրանը 80-ականներին և 90-ականներին մեծապես աջակցում էր ՔԱԿ-ին։ Եվ հիմա, երբ ռուսները դուրս են եկել այս ասպարեզից, հավանաբար Իրանը կզբաղեցնի նրանց տեղը եւ կփորձի քրդական խմբերին օգտագործել որպես լծակ Թուրքիայի հետ հարաբերություններում»։

Թուրք դիվանագետ Այդըն Սելջենն էլ ասում է, թե «Հենց Իրաքի սահմանի ներսում՝ Սենգալ Սինջարի շրջանում քրդական ու եզդիական զինյալ խմբավորումներն ունեն բարեկամական հարաբերություններ եւ միաժամանակ կախյալ են միմյանցից: Այնպես որ, գոյատևելու համար այս բոլոր տեղական դերակատարները ավելի մեծ դերակատարների կարիք կունենան, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը կամ համաշխարհային տերությունները, ինչպես օրինակ Միացյալ Նահանգները»:

Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունեցող քրդական ուժերը համագործակցում են ամերիկյան ուժերի հետ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման։ Դամասկոսի վարչակարգին աջակից Թեհրանի համար ՔԱԿ-ի հետ համագործակցության խորացումը հնարավորություն է տալիս խաթարել ամերիկյան ներկայությունը Սիրիայում։

Սակայն ՔԱԿ-ի հետ Իրանի ցանկացած համագործակցություն կներառի զգույշ հավասարակշռող գործողություն:

Բոննի համալսարանի պատմության բաժնի ավագ գիտաշխատող Զաուր Գասիմովի խոսքերով «ՔԱԿ-ի և Թեհրանի միջև կապերը կպահպանվեն և գուցե կամրապնդվեն’’: Սակայն նա չի կարծում, որ Թեհրանը այնքան կաջակցի քրդական ուժերին, որը վտանգի կենթարկեր հարաբերությունները Անկարայի հետ:

Այո, Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունները հաճախ են բնութագրվում որպես մրցակցության և համագործակցության համադրում, ընդ որում, երբ Իրանի մեծապես տուժած տնտեսությունը մեծապես հենվում է Թուրքիայի վրա: Իսկ սա մի գործոն է, որի վրա էլ կհենվի Էրդողանը, երբ մի քանի շաբաթ անց կատարի այց դեպի Թեհրան:

XS
SM
MD
LG