Մատչելի հղումներ

Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես ներկայացրին ՆԱՏՕ-ին միանալու հայտ


Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես ներակայացրեցին հայտ` ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին անդամակցելու համար: Այս մասին Բրյուսելի կենտրոնակայանում չորեքշաբթի օրը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը երկու երկրների դեսպանների ներկայությամբ:

«Այսօր լավ օր է մեր անվտանգության համար վճռորոշ այս պահին», - ասել է Ստոլթենբերգը։ «Բոլոր դաշնակիցները ընդունում են ՆԱՏՕ-ի ընդլայնման կարևորությունը: Եվ մենք բոլորս համաձայն ենք, որ պետք է լինենք միասնական», ասել է նա։

Ֆինլանդիայի խորհրդարանը չորեքշաբթի օրն էր ձայների 188-ը 8-ի դեմ հարաբերակցությամբ քվեարկել ՆԱՏՕ-ին միանալու օգտին:

ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները մեծ շեղում են նշանակում տասնամյակներ տեւած իրենց չեզոքության դիրքերից: Հիշեցնենք, որ այդ չեզոքությունն այս երկու երկրները որդեգրել էին Սառը պատերազմի ժամանակներից: Սակայն սույն թվականի փետրվարի 24-ին հարևան Ուկրաինա ներխուժելու Մոսկվայի որոշումը մտավախություն առաջ բերեց երկու այս երկրներում, հատկապես Ֆինլանդիայում, որը երկար սահման ունի Ռուսաստանի հետ:

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրներն արագ կքննարկեն դիմումները, գործընթաց, որը սովորաբար տևում է մինչև մեկ տարի:

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերապահումներ է հայտնել դաշինքին միանալու այս երկու երկրների վերաբերյալ՝ մեղադրելով նրանց «ահաբեկիչներին» ապահով ապաստան տալու և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նախազգուշացրել է Արևմուտքին, որ Մոսկվան հանդես կգա պատասխան քայլով:

Ինչպես հայտնում է ‘’Ասոշիեյթեդ փրես’’ լրատվական գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը պատրաստվում է հյուրընկալել Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջնորդներին: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին Բայդենը Սպիտակ տանը կհյուրընկալի հինգշաբթի օրը:

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել նախքան Բայդենի քառօրյա այցը Հարավային Կորեա և Ճապոնիա։

XS
SM
MD
LG