Մատչելի հղումներ

Ընդդիմությունը փոխելու է «Դիմադրություն» շարժման մարտավարությունը


Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան

Երկու շաբաթ` սկսած մայիսի մեկից, «Դիմադրություն» շարժումը Երևանում իրականացնում է անհնազանդության ակցիաներ, երթեր, հանրահավաքներ։

«Յուրաքանչյուրը՝ մասնակցելով անհնազանդության ակցիաներին, մեկ քայլով մոտեցնում է այս իշխանություններից ազատվելու օրը, - ասում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը,- մենք գնալու ենք մինչև վերջ»։ Նրա խոսքերով, «Դիմադրություն» շարժումը մարտավարությունը փոխելու է հաջորդ շաբաթվանից․- «Կա հանրային պահանջ և դա պետք է ունենա իր լիարժեք դրսևորումը, իշխանությունները հոգեվարքի մեջ են»։ Նրա խոսքերով, իշխանությունները մարդկանց համատարած կանչում են հարցաքննությունների, դիմում են տարբեր ճնշումների «Դիմադրություն» շարժումը կասեցնելու նպատակով։

Իշխան Սաղաթելյանն իր Ֆեյսբուքյան գրառումներում, հանրահավաքային ելույթներում և ասուլիսում նշում է այն անհրաժեշտ քայլերը, որոնցով, ընդդիմադիրների կարծիքով, կարելի է ստեղծել ուժեղ Հայաստան, ի թիվս արտաքին անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի, նշվում է Ազգային համաձայնության/ժամանակավոր կառավարություն ստեղծելու անհրաժեշտությունը։ Ընդդիմադիրները խոստանում են իշխանափոխությունից հետո հրապարակել 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն Հայաստանի կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։

«Արդյոք կա՞ պառակտում «Դիմադրություն» շարժման առաջնորդների միջև»․ հարցին պատասխանելով՝ Սաղաթելյանն ասուլիսի ընթացքում շեշտեց, թե հակառակը՝ իրենց շարքերում կա համախմբում, և այս շարժումն ավելի շատ նման է ղարաբաղյան շարժմանը, որը մարդկանց համախմբել էր գաղափարի, և ոչ թե՝ անձերի շուրջ։ Սա կուսակցական պայքար չէ, սա համազգային և համաժողովրդական պայքար է, ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն շաբաթվա սկզբին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, թե ընդդիմության ակցիաներն ընթանում են վերջիններիս քաղաքական հայացքները չկիսող քաղաքացիների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություններով։ «Ըստ այդմ, իրավապահ մարմինների կողմից քննվող գործերը պետք է քննվեն ոչ թե որպես խուլիգանական հատկանիշներ պարունակող իրարից առանձին դրվագներ, - գրել է Աղաջանյանը,- այլ որպես մեկ ընդհանուր գործընթացի բաղկացուցիչ կտորներ, այն է՝ հանցագործ խմբավորման կողմից հետևողականորեն և մտածված, հասարակության նկատմամբ իրականացվող տեռորի դրսևորումներ, վերոգրյալից բխող համապատասխան քրեաիրավական հետևանքներով»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն անցած 2 շաբաթվա ընթացքում գրեթե բոլոր հանրահավաքներից հետո հրապարակել է մասնակիցների քանակի վերաբերյալ տվյալներ՝ տեղադրեով նաև այդ հաշվարկները հիմնավորող տեսանկարահանման կադրեր, այդուամենայնիվ ընդդիմությունը գնահատում է, որ այդ հաշվարկները չեն արտացոլում իրականությունը, և օրըստօրե շարժման կողմնակիցների և ակցիաների մասնակիցների թիվն, ըստ ընդդիմադիրների խոսքերի, աճում է։

Շարժման երկրորդ շաբաթվա շաբաթօրյա օրակարգում միայն քննարկումներ ու մշակութային միջոցառումներ են ներառվել, անհնազանդության ակցիաներ չեն իրականացվել։ Իսկ կիրակի օրն ընդդիմությունը հրավիրում է հանրահավաքի, որի ընթացքում կներկայացվեն այն փոփոխությունները, որոնք պատրաստվում են իրականացնել առաջիկայում՝ իրենց պայքարի մարտավարության մեջ։

XS
SM
MD
LG